ՄԻՊ-ին և ՄԱԿ-ի ներկայացուցչին Տավուշի մարզպետը ներկայացրել է առկա խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը օգոստոսի 5-ին համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ: Այցին մասնակցել են նաև Պաշտպանի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները: 

Այս մասին հայտնում են Մարդու իավունքների պաշտպանի գրասենյակից։

Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն Իջևանում հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ: Վերջինս ներկայացրել է մարզում առկա խնդիրները, ինչպես նաև առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: 

Անդրադարձ է կատարվել կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող խնդիներին, կանանց զբաղվածությանը, բնապահպանական իրավունքներին, բռնի տեղահանված անձանց իրավունքներին վերաբերելի հարցերին: Քննարկվել են նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր: Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ը Պաշտպանի հաստատության կարևոր գործընկերներից է, լուրջ դերակատարություն ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման տեսանկյունից: 

Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով Տավուշի մարզում հնարավոր կլինի շարունակաբար իրականացնել տարատեսակ ծրագրեր: Ֆրանսուազ Ժակոբը ևս կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությունը և ընդգծել մարզերում իրականացվող համատեղ ծրագրերի կարևորությունը: 

Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, հանդիպում ունեցել տարբեր հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչների և շահառուների հետ: Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբը հանդես են եկել ողջույնի խոսքով: Իր խոսքում Պաշտպանը նշել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կանանց իրավունքները ծավալուն և հետաքրքիր մեթոդաբանությամբ են քննարկման առարկա դարձվում, և դրանց հիմնական առանցքը կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը երաշխավորելն է, գոյություն ունեցող կարծրատիպերը հաղթահարելը, կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում ձևավորելն ու հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժը խթանելն է: 

«Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Միևնույն ժամանակ, եթե ընտրել եք ինչ-որ ճանապարհ թե՛ ձեր, թե՛ մարդկանց կյանքում փոփոխություններ կատարելու համար՝ երբեք չընկճվեք այս բոլոր մարտահրավերներից: Մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը, որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել, իսկ մեր կյանքի որակը պետք է որոշենք` մեր իսկ կատարած ընտրությունների և ընդունած որոշումների արդյունքում», – ասել է Անահիտ Մանասյանը:

Քննարկման ընթացքում, ի թվս այլնի, բարձրաձայնվել են խնդիրներ` կապված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ անձնական օգնականի ծառայությունների տրամադրման, ֆիզիկական միջավայրի մատչելիության, համայնքահեն ծառայությունների հասանելիության, մատչելիության ապահովման և մի շարք այլ հարցերի հետ: 

«Բոլորս էլ ունենք բազմաթիվ առանձնահատկություններ։ Դրա հետ մեկտեղ ապրում ենք միևնույն միջավայրում և ամեն օր բախվում տարբեր թվացող, բայց համանման խնդիրների: Կարևոր է, որպեսզի այնպիսի միջավայր ձևավորենք, որի շրջանակներում մեր առանձնահատկությունները կդառնան հանրային համերաշխության հիմք։ Առանցքային է, որպեսզի համատեղ ջանքեր գործադրվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի և մատչելի միջավայր ստեղծելու ուղղությամբ», – ընդգծել է Անահիտ Մանասյանը: 

Տավուշյան այցի ավարտին Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական  բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին։ Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են տարածքով, ծանոթացել երեխաների խնամքի կազմակերպմանը, իրավունքների ապահովման վիճակին, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը: 

Այց է իրականացվել նաև խնամատար ընտանիք, ուսումնասիրվել են երեխաների խնամքի տրամադրման պայմանները: 

Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ գործիքակազմը` այցի ընթացքում արձանագրված խնդիրները լուծելու նպատակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել