Նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 26-ին այցելել է «Ալեքս Տեքստիլ» ընկերություն։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
Նախարարը «Ալեքս Հոլդինգի» ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է արտադրամասերով, ծանոթացել արտադրական հզորություններին, ներդրված նորագույն տեխնոլոգիաներին, ոլորտի զարգացման առաջիկա ծրագրերին և նախաձեռնություններին։
Գևորգ Պապոյանը կարևորել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերությանն ուղղված աջակցությունն ու խթանումը, քանի որ այն էապես նպաստում է երկրի տնտեսությանը և աշխատատեղերի ստեղծմանը։ Նախարարն ընդգծել է տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում շարունակական ներդրումների անհրաժեշտությունը՝ համաշխարհային շուկայում հայկական տեքստիլ արտադրանքի որակի և մրցունակության հետագա բարելավման համար։
«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում իր գործունեությունը սկսել է 2014 թվականին: Ճիշտ մշակված ռազմավարության և բարձր տեխնոլոգիաների շնորհիվ ընկերությունը կարճ ժամանակահատվածում դարձել է խոշոր ընկերություն թեթև արդյունաբերության ոլորտում՝ առաջին իսկ օրվանից սպառողին ներկայացնելով որակյալ արտադրանք։
Ընկերությունն արտադրված ապրանքների, բարձր տեխնոլոգիաների և հմուտ մասնագետների, ինչպես նաև մրցունակ գների շնորհիվ կարողացել է մոտենալ միջազգային շուկայի չափանիշներին և այժմ արդեն համագործակցում է մի շարք համաշխարհային բրենդների հետ՝ իրականացնելով վերջիններիս համար մեծածավալ պատվերներ։
Նախարարն ընդգծել է պետություն-մասնավոր համագործակցության կարևորությունը՝ Հայաստանում տեքստիլ ոլորտի շարունակական հաջողությունն ու աճն ապահովելու համար։