Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունենում թվով 91-րդ շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոն։ Ելույթով հանդես եկավ հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Նա ողջունեց ներկաներին և ասաց, որ երեկոն շատ հուզիչ է։
«Պետք է ասեմ, որ գիտությունը և արվեստը մշտապես համագործակցել են։ Մեծերի խոսքն է՝ ճարտարապետությունը քարացած երաժշտությունն է և այս կարգի այլ և այլ ձևակերպումներ, որոնք վկայում են այս կապի մասին։ Ես այս կապին կավելացնեի ևս մեկը՝ ահա գիտության աշխարհը, վաղը լցնելու եք մեր երկիրը նոր եռանդով, մտքերի նոր եռաուժով։ Ինձ համար հատկապես թանկ է, որ այսքան տարբեր մասնագիտությունների մեջ իր արժանի տեղն ունի Հայոց լեզուն։ Գիտական միտքը ազգային սահմանափակումների և ազգային յուրահատկությունների չի ենթարկվում բոլորովին, բայց երբ գիտությունը խոսում է հայերեն, դա և՛ գիտության ներքին բովանդակության հարստութունն է, և՛ մեր երկրի ընդհանուր հաջողությունն է, հարստությունն է։ Ես ուզում եմ, որ այս կապերը՝ գեղեցիկի և ճշգրիտի, ազգային գիտակցության և միջազգային արժեքների այս միաձուլումը մշտապես հարստացնի մեր երկիրը, իսկ մենք դրա կարիքը շատ ունենք»,-ասաց նա։