Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 5-ի երեկոյան «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն, իսկ արդեն այսօր բժշկական կենտրոնից հայտնել են, որ «սուր էկզոգեն թունավորմամբ» իրենց մոտ են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն:
«Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հուլիսի 6-ին արձանագրված թունավորման դեպքին արագ արձագանքել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ իր իրավասությունների շրջանակում կատարելով անհրաժեշտ միջոցառումներ: Մասնավորապես՝ նույն օրը Գորիս քաղաքի խանութներից մեկից և Շինուհայր գյուղի խանութից կատարվել են նմուշառումներ այն մթերքներից, որոնք գնել և օգտագործել էին «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամները:
Ըստ այդմ՝ լաբորատոր հետազոտության են հանձնվել ռուսական արտադրության սառեցված հավի սրունք, հավի մսով կոտլետ, կրակովսկի տեսակի երշիկ և ռուսական արտադրության ցորենի ալյուր սննդատեսակները:
Համաձայն փորձաքննության արդյունքների՝ բրոյլեր տեսակի սառեցված հավի սրունքի նմուշում հայտնաբերվել են ախտածին ա/թ սալմոնելաներ (արտադրող և մատակարար՝ «ՍՊԿ Կուրնիկով» ՍՊԸ, Սարատովի թռչնակոմբինատ, արտադրված 10.04.2024թ, պիտանիության ժամկետը՝ 10.01.2025թ.), իսկ «Հոմ ֆուդ» ապրանքանիշի հավի մսով կոտլետը ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին (արտադրող՝ Ա/Ձ Սամսոն Ավագյան, Սյունիքի մարզ, արտադրված 25.05.2024թ, պիտանիության ժամկետը 120 օր):
Լաբորատոր փորձաքննության արդյունքները կտրամադրվեն նախաքննական մարմնին:
Տեսչական մարմինը հետագծելիությամբ կիրականացնի վերահսկաողական միջոցառումներ: Արդյունքները կհրապարակվեն»,-նշվում է տեսչական մարմնի հայտարարության մեջ: