Գիտե՞ք, թե օդերևութաբանական կայանի օդի իրական ջերմաստիճանը ինչո՞վ է տարբերվում Ձեր մեքենայի ցուցիչներից, պատուհանից դուրս գտնվող ջերմաչափից կամ Ձեր հեռախոսում ինտերնետի տվյալներից:
Այս մասին գրում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ամեն ինչ սկսվում է նրանից, թե ինչպես է չափվում ջերմաստիճանը։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ստանդարտների համաձայն՝ չափումները կատարվում են երկրի մակերևույթից 2 մետր բարձրության վրա՝ օդերևութաբանական հրապարակում։ Այսինքն՝ մի բարձրության վրա, որտեղ գետնից կամ շենքից ջերմության ազդեցությունը նվազագույնի է հասնում։
Եկեք տեսնենք, թե ինչու են մեքենայի ջերմաստիճանի տվիչները, ինչպես նաև պատուհանի ջերմաչափերը կամ հեռախոսի հավելվածից ստացված տվյալները, կարող են տարբեր արժեքներ տալ։
1. Չափման պայմաններ. Օգտագործվում է հատուկ խցիկ (պսիխրոմետրիական տնակ), որն ապահովում է ստվեր և ազատ օդի հոսք։ Այս պայմաններն օգնում են ավելի ճշգրիտ տվյալներ տրամադրել, սակայն կարող են տարբերվել պատուհանի կամ մեքենայի մոտ չափված տվյալներից:
2. Տարբեր միջավայրեր. տարբեր վայրերում տեղադրված ջերմաչափերը կարող են ենթարկվել տարբեր ազդեցությունների: Օրինակ՝ արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունը կամ շենքերից ջերմությանը: Սա կարող է հանգեցնել արժեքների անհամապատասխանությունների:
3. Տեղական գործոններ. տարածքի տեղագրությունը, ջրավազանները, բուսականությունը. այս ամենը գործոններ են, որոնք ազդում են որոշակի վայրում ջերմաստիճանի վրա և կարող են առաջացնել տարբերություններ:
4. Գետնի մակերևույթի ջերմաստիճանի չափում. Գետնի մակերևույթի ջերմաստիճանը չափելու համար օգտագործվում են հատուկ ջերմաչափեր, որոնք տեղադրվում են բաց տարածքում՝ արևի ճառագայթների տակ և առանձին օրերի օդի ջերմաստիճանի հետ կարող են տալ30-40 աստիճանի տարբերություն»,-նշել է նա: