«Խիստ վտանգավոր է իր և հասարակության համար»․ դատարանը երկարաձգեց Յուլիա Ֆինեսի նկատմամբ կիրառված բժշկական հսկողության ժամկետը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր՝ հուլիսի 10-ին, դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, շարունակվեց Յուլիա Մակսիմովսկայայի (Յուլիա Ֆինես) գործով դատական նիստը։

Յուլիա Վլադիմիրի Մակսիմովսկայային մեղադրանք է առաջադրվել Կիրիլ Իվանովիչ Ատաեվի հետ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Թումանյան փողոցում գտնվող արագ սննդի կետի գույքը վնասելու, մրգերը աշխատակցի վրա նետելու, ինչպես նաև Մաշտոցի փողոցում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները վնասելու համար։  Նշվում է, որ վերջինս դրսևորել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ամբաստանյալ Յուլիա Մակսիմովսկայան չէր ներկայացել դատական նիստին, ինչի վերաբերյալ դատավորը հայտնեց, որ համապատասխան կարգադրագիր է ուղարկվել ոստիկանության ծառայողներին՝ վերջինիս մասնակցությունը դատական նիստերին ապահովելու համար։ Նախքան դատական նիստը, բանավոր կերպով տեղեկացրել են, որ տրանսպորտային միջոց չունենալու պատճառով հնարավորություն չունեն մեղադրյալ մասնակցությունն ապահովել։

Հիշեցնենք, որ Կիրիլ Ատաևը մեղավոր է ճանաչվել,  նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանքը՝ 1.500.000 դրամ գումարի չափով, սակայն վերջինս ազատվել է այն վճարելուց, քանի որ 2023 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2024 թվականի ապրիլի 9-ը փաստացի անազատության մեջ է գտնվել (կալանավորված)։

Հուլիսի 4-ին դատարան է ստացվել դիմում փաստաբան Վահե Եփրիկյանից, որով հայտնել է, որ պետք է Մակսիմովսկայայի շահերն այս գործով ինքը պաշտպանի։

Եփրիկյանը նշեց, որ իր պաշտպանյալի հետ 2 անգամ հանդիպում է ունեցել «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում, վերջինս իր հետ մասնավոր կերպով կապ է հաստատել՝ խնդրելով ստանձնել իր շահերի պաշտպանությունը։

Դատարանը որոշեց փաստաբանին ներգրավել վարույթում՝ որպես ենթադրաբար անմեղունակության վիճակում արգելված արարք կատարած անձի շահերի պաշտպան, և թույլատրել մասնակցել դատական նիստերին։ Դատավորը հայտնեց, որ այս գործով գտնվում են եզրափակիչ ելույթների փուլում, նախորդ պաշտպանի մասնակցությամբ անցել են ճառերի փուլ, ինչից հետո նիստը հետաձգվել է։

«Ես գտնում եմ, որ հաջորդ դատական նիստին Մակսիմովսկայայի ներկայությունն ապահովելու պայմաններում, մեր կողմից համապատասխան նոր միջնորդություն պետք է ներկայացվի՝ վերջինիս նկատմամբ նոր փորձաքննություն նշանակելու համար, որովհետև վերջինս տևական ժամանակ է՝ գտնվում է հոգեբուժական կլինիկայում, և անվտանգության միջոցի կիրառելիության պայմաններում էլ նա ստանում է որոշակի բուժում»,-ասաց պաշտպանը։

Նոր փորձաքննության արդյունքում հնարավոր է՝ էական փոփոխություններ տեղի ունենան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մակսիմովսկայան շուրջ 1 տարի է՝ գտնվում է կլինիկայում և ստանում է բուժում։

Դատավորն արձանագրեց՝ անհրաժեշտ է քննարկել նաև անվտանգության միջոցի՝ բժշկական հսկողության հարցը՝ հաշվի առնելով, որ օգոստոսի 8-ին լրանում է ժամկետը։

Նա նաև հավելեց, որ մինչև օգոստոսի 8-ը հնարավորություն չկա դատական նիստ նշանակելու, առաջարկեց այս հարցը մինչ այդ լուծել։

Փաստաբան Եփրիկյանն ասաց, որ կարող են ամսի 5-ին, 6-ին, նույնիսկ 8-ին դատական նիստ նշանակել՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված անվտանգության միջոցի հարցի քննությունը պաշտպանության կողմից ավելի արդյունավետ անցկացնելու համար։

Հանրային մեղադրողն ասաց, որ այդ օրերին նախապես նշանակված 4-5 նիստեր կան, միջնորդեց այս նիստով լուծել անվտանգության միջոցի հարցը։

Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, հայտնեց, որ հարցը ենթակա է քննարկման՝ հաշվի առնելով, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չեն կարող նշված օրերին նոր նիստ նշանակել։

Հանրային մեղադրողի խոսքով՝ Յուլիա Մակսիմովսկայայի նկատմամբ կիրառված բժշկական հսկողության՝ որպես անվտանգության միջոցի ժամկետը պետք է երկարաձգել՝ հաշվի առնելով, որ նա ճանաչվել է անմեղսունակ և ներկա հոգեվիճակով սոցիալապես խիստ վտանգավոր է իր և հասարակության համար, ուստի կարիք ունի հարկադիր բուժման՝ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում։

Նա միջնորդեց վերջինիս նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառված բժշկական հսկողության ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով։

Պաշտպանն ասաց՝ ներկա պահին դիրքորոշում չունի, հաջորդ դատական նիստին միջնորդությամբ հանդես կգա, որպեսզի ներկայացնեն նոր փաստական տվյալներ, նոր ապացույցներ։

Դատարանը որոշեց Յուլիա Մակսիմովսկայայի նկատմամբ ընտրված խափանման միջոց բժշկական հսկողության ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով։

Դատական նիստը հետաձգվեց։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել