Ազգային ժողովում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով հրատապ նիստը:
ԱԺ-ում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հանդիպումը տեղի է ունենում դռնփակ. առաջարկը ՔՊ-ին էր, ընդդիմությունը, սակայն, դեմ էր:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այն պատգամավորները, ովքեր գաղտնիության ռեժիմով նիստին մասնակցելու իրավունք չունեն, պետք է լքեն դահլիճը:
Նրանք են՝ իշխող մեծամասնությունից Դավիթ Կարապետյանը, ընդդիմադիր խմբակցություններից` Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստմյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լևոն Քոչարյանը և Սեյրան Օհանյանը։
ԱԺ նախագահը պահանջեց, որ նիստին մասնակցող պատգամավորները հանձնեն հեռախոսները, իսկ լրագրողները հեռանան օթյակից։
Մյուս բոլոր պատգամավորները պետք է նիստին մասնակցեն առանց հեռախոսի: Հրատապ նիստի առաջարկով, հիշեցնենք, հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։