Ներկայացվեց ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցը

Փետրվարի 22-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի եւ կայքի ներկայացումը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի եվրոպական կողմի համանախագահ Սիմո Տիայնենը, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ, «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը։ Զեկույցներ են ներկայացրել ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի անդամներ Գագիկ Մակարյանը /Գործատուների հանրապետական միություն/ և Արսեն Իգիթյանը /Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա/:

Իր խոսքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը քաղհասարակության պլատֆորմի հետ երկխոսությունը շարունակելու եւ ինստիտուցիոնալ դարձնելու հարցում։

«Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում մեծապես կարեւորում ենք որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության  մասնակցությունն ու օբյեկտիվ գնահատականները։ Մենք բաց ենք Երեւանի եւ Բրյուսելի եվրոպական կառույցների միջեւ տեղի ունեցող զարգացումների ու փոխգործակցության շուրջ քնարկումների համար՝ հաշվի առնելով նաեւ որ վերջին շրջանում այդ փոխգործակցությունն անցում է կատարել ինտենսիվ փուլ եւ դրա սպասարկումը ենթադրում է բոլոր դերակատարների եւ մասնավորապես, հանրության լայն շերտերի ներգրավում եւ ակտիվ մասնակցություն։ Ինչպես հայտնի է՝ այսօրվա մեր քննարկումը հետեւում է Բրյուսելում անցած շաբաթ կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին, որի արդյունքներով երկուստեք արձանագրվել է առաջընթաց։ ԵՄ-ն ողջունել է ՀԸԳՀ իրականացմանն ուղղված ՀՀ հանձնառությունը, եւ բարձր է գնահատել ձեռք բերված առաջընթացը։ Նիստի համատեղ հայտարարությունում գնահատվել են նաեւ ԵՄ աջակցությամբ իրականացվող արդարադատության ոլորտի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, ՆԳՆ ստեղծման, եւ ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ մինչ օրս արձանագրված ձեռքբերումները։ Ընդգծվել է նաեւ, որ ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգն ուղղված է լինելու համաձայնագրի ողջ ներուժի բացահայտմանը։ Օգտվելով առիթից՝ առաջարկում եմ այսուհետ հնարավորության դեպքում մեր հանդիպումները կազմակերպել ՀՀ-ԵՄ ինստիտուցիոնալ մարմինների աշխատանքներից առաջ, ինչը հնարավորություն կտա նախապես ծանոթանալ Պլատֆորմի ընկալումներին եւ ներկայացնել դիրքորոշումներ ու նորացված տեղեկատվություն։ Պլատֆորմն իր նշանակալի դերակատարումն ունի ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական խթանման հարցում, մասնավորապես, այնպիսի կենսական ոլորտներում, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, իրավունքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, արդարադատությունը, կրթությունը, տնտեսությունը, ինչպես նաեւ կանաչ տնտեսությունը։

Այս համատեքստում կարեւորում ենք նաեւ համաձայնագրի կիրարկման շուրջ պլատֆորմի կողմից այսօր ներկայացվելիք զեկույցը, մեզ համար կարեւոր են զեկույցում մատնանշված բացերի ու խնդիրների վերհանումը, եւ վստահեցնում եմ, որ դրանք հաշվի են առնվելու հետագայում մեր համատեղ աշխատանքներում, մշտադիրտարկման եւ հաղորդակցության մեխանիզմների կատարելագործման գործընթացում։ Եվրոպայի հետ ունեցած մեր ընդհանուր արժեքների համակարգի մասին իրազեկվածության բարձրացման գործում անփոխարինելի է քաղհասարակության եւ մասնավորապես, այս պլատֆորմի դերը։ Հավատացած ենք, որ ՀԸԳՀ-ն պետք է մեր քաղաքացիների կողմից որպես իրենց սեփականություն դիտարկվի եւ այդ նպատակին հասնելու համար մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ շարունակելով կառուցողական երկխոսությունը եւ ավելացնելով հաշվետվողականության աստիճանը»,- հայտարարել է Մհեր Գրիգորյանը։

Դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է․

«ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ԸՀԳՀ) հաջող իրականացման հարցում ապավինում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվ ներգրավվածության վրա: Նրանց ներգրավվածությունը քաղաքականության մշակման եւ կառավարման բարեփոխումներում կենսական նշանակություն ունի Հայաստանում քաղաքական վերափոխումը խթանելու եւ ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդման համար: Այս գործընթացում ներառականությունն ու մասնակցությունը սահմանե՛նք որպես առաջնահերթություն՝ միասին աշխատելով փոխադարձ առաջընթացի եւ հասարակության շահերի պաշտպանության ուղղությամբ»:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի համար շատ կարեւոր է քաղհասարակության միջոցով նաեւ ԵՄ հետ մեր համագործակցության ամրապնդումը։

«Մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ վերջին շրջանում ինտենսիվ ընդլայնվում է եւ անվտանգությունը եւս դարձել է այդ երկխոսության մաս: Գիտեք, որ Հայաստանը դիմել է, որպեսզի մաս դառնա եվրոպական խաղաղության գործիքակազմին: Սա եւս ցայտուն օրինակ է, թե ինչպես է ՀՀ-ԵՄ հարաբերությունները ընդլայնվում, եւ միանշանակ է, որ այդ ընդլայնման գործում քաղհասարակության դերը շատ կարեւոր է։ Դժվար է պատկերացնել ժողովրդավարական երկու հանրությունների համագործակցությունն առանց քաղաքացիական հասարակության, ցանկանում եմ ողջունել այս միջոցառումը նաեւ այդ համատեքստում, որ մենք կարեւոր գործընկեր ենք տեսնում քաղաքացիական հասարակությանը եւ կարեւորում ենք նաեւ այդ կոնտեքստում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդումը։ Միանշանակ է, որ երկարաժամկետ կտրվացքով եթե մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները եւ կայուն հիմքերի վրա դնել, ապա ԵՄ հետ հարաբերությունները պետք է ներառի քաղաքացիական հասարակություն, տնտեսություն, անվտանգություն եւ այլ ուղղություններ, եւ այստեղ կարծում եմ՝ միանշանակ է, որ մեր փոխգործակցությունը միայն ամրապնդելու է»,- նշել է Արմեն Գրիգորյանը։

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի եվրոպական կողմի համանախագահ Սիմո Տիայնենը նշել է, որ ուրախ է տեսնելու, որ Պլատֆորմի հայաստանյան գործընկերները ակտիվորեն ներգրավված են ՀԸԳՀ-ի մշտադիտարկման գործում` այդ կապակցությամբ ներկայացնելով վերլուծություններ և խորհրդատվություն: Նա նշել է, որ ակնկալում է էլ ավելի համագործակցություն Եվրոպական նորօրակարգի ուղղությամբ և լիահույս է, որ հաջորդ ամիս Երևանում կայանալիք` Պլատֆորմի երկկողմ հանդիպումն առաջընթաց կարձանագրի այդ ուղղությամբ:

Իր խոսքում Պլատֆորմի հայկական կողմի համանախագահ Լուսինե Հակոբյանը մասնավորապես նշել է․

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Մհեր Գրիգորյանի եւ մյուս գործընկերների, Եվրամիության պատվիրակությանն ու ԵՄ այլ մարմիններին՝ այս երկու տարվա մեր գործունեության ընթացքում բավական արդյունավետ համագործակցության համար։ ԵՄ-ին կուզեմ շնորհակալություն հայտնել նաեւ Հայաստանի կողքին կայունորեն կանգնելու համար, հատկապես այն դժվարին իրավիճակում, որում մենք հայտնվել ենք: Անպայման պետք է նշեմ նաեւ ԵՄ անդամ պետությունների դերակատարությունը, որոնք իրենց խիստ գնահատելի նախաձեռնություններով, ծրագրերով նպաստում են ԵՄ-ՀՀ օրակարգի առաջ մղմանը, հատկապես ցանկանում եմ նշել Ֆրանսիային, Գերմանիային, Նիդերլանդներին, Շվեդիային, Չեխիային, Լիտվային, Լեհաստանին, իհարկե, բոլորին թվարկել հնարավոր չէ ։ Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վերջերս կայացած հանդիպման արդյունքները, նաեւ բարձր ենք գնահատում նախորդ տարի մեկնարկած ՀՀ-ԵՄ անվտանգային երկխոսությունը, ԵՄ մոնիթորինգային առաքելության տեղակայումը Հայաստանում, որը մեծացնում է ԵՄ ներկայությունը Հայաստանում, լինելով քաղաքացիական առաքելություն, ի թիվս այլ աջացկությունների, այն միեւնույն է՝ մեծ հոգեբանական աջակցություն է մեր քաղաքացիների համար։ Ընդգծում ենք, որ խաղաղության երկխոսության գործիքակազմից Հայաստանի օգտվելու հարցը շատ կարեւոր է եւ ողջունում ենք այդ բանակցությունների արագ ընթացքը, նաեւ կարեւորում ենք վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները եւ ակնկալում ենք դրական առաջընթաց նաեւ այս ոլորտում։ Մեծապես կարեւորում ենք ԵՄ եւ անդամ պետությունների շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, պաշտպանության ոլորտում եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հարցերը ընդգրկված են ՀԸԳՀ-ում որպես պայմանագրի էական տարր՝ շարունակելու ենք մեր ուշադրության կենտրոնում պահել դրանք»։

Միջոցառմանը ներկա էին իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի ներկայացուցիչներ, դիվանագետներ, միջազգային այլ գործընկերներ, քաղաքական կուսակցությունների անդամներ, քաղհասարակության կառույցների ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել