Այդպիսի միջադեպեր եղել են և լինելու են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ ճապազրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով սահմանային իրավիճակը։
«Ուղղակի պետք է դրանք նվազագույնի հասցվեն և դրա համար մի շարք աշխատանքներ են պետք և միջոցառումներ են պետք իրականացնել, ինչը և արվում է։ Եվ՛ քաղաքական, և՛ դիվանագիտական դաշտում, և՛ նաև ռազմական դաշտում։ Այո, դեպքեր են, եղել են, սակայն խնդիրն այն է, որ այսպիսի դեպքերն էսկալացիայի չվերածվեն և շատ արագ ավարտվեն»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը սադրանք էր։
«Ես կարծում եմ՝ ծառայողական քննություն կիրականացվի, թե ինչպես առաջացավ այս սադրանքը։ Սա հետագայում կպարզվի»,-նշեց պատգամավորը։
Ըստ նրա՝ եթե քաղաքական ձեռքբերում լինի՝ խաղաղության պայմանագիր կամ փոխադարձ չհարձակվելու վերաբերյալ համաձայնագիր, այդ դեպքում նման սադրանքները կհասցվեն նվազագույնի։
«Բայց ինչ էլ լինի, մեր Զինված ուժերը պետք է միշտ պատրաստ լինեն ցանկացած սադրանքի և ցանկացած հարձակման»,-ասաց Արմեն Խաչատրյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։