Որքա՞ն աշխատավարձ կստանա Արտաքին հետախուզության ծառայության պետը, նրա տեղակալները և ծառայությունում այլ պաշտոններ զբաղեցնող անձինք

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի, նրա տեղակալների և այլ աշխատակիցների աշխատավարձերը։

Iravaban.net-ը հայտնում է՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը ձևավորվում է վերոնշյալ օրենքում նշված գործակիցը բազմապատկելով հաստատված պետական բյուջեում առկա բազային աշխատավարձով։ Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն՝ պետական պաշտոնյաների բազային աշխատավարձը կազմում է 83 հազար 200 դրամ։

Այս հաշվարկով՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի աշխատավարձը կազմելու է 998 հազար 400 դրամ (ներառյալ հարկերը)։ Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալի կամ տեղակալների աշխատավարձը կազմելու է 707 հազար 200 դրամ (ներառյալ հարկերը)։

Ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակվածները կստանան 624 հազար դրամ (ներառյալ հարկերը), գլխավոր պաշտոններ զբաղեցնողները՝ 565 հազար 760 դրամ, 532 հազար 480 դրամ, 515 հազար 840 դրամ (ներառյալ հարկերը)։ Ավագ պաշտոններ զբաղեցնող անձինք կստանան 465 հազար 920 դրամ, 449 հազար 280 դրամ, 416 հազար դրամ (ներառյալ հարկերը)։ Միջին պաշտոններ զբաղեցնողները՝ 374 հազար 400, 353 հազար 600, 332 հազար 800 դրամ (ներառյալ հարկերը)։

Կրտսեր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները կստանան 316 հազար 160, 299 հազար 520, 291 հազար 200 դրամ։

Նշենք նաև, որ ԱՀԾ կառուցվածքի, անձնակազմի թվաքանակի և հաստիքացուցակի մասին տեղեկությունը պետական գաղտնիք է։ ԱՀԾ անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը, որը անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել