ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր ուսուցիչներին հորդորում եմ շարունակել մասնագիտական գործունեությունը. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության հումանիտար կենտրոնի տաղավարում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից (օկուպացված Արցախի Հանրապետություն- խմբ․) բռնի տեղահանված անձանց կրթությանը վերաբերող աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը:

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

ԿԳՄՍ նախարարի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 18-ի տվյալներով ԼՂ-ից բռնի տեղահանված 14848 աշակերտ արդեն իսկ գրանցված է ՀՀ դպրոցներում և հաճախում է դասերի: Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է՝ Երևան՝ 4675 սովորող, Արագածոտն՝ 707, Արարատ՝ 2068, Արմավիր՝ 1290, Գեղարքունիք՝ 712, Լոռի՝ 883, Կոտայք՝ 2514, Շիրակ՝ 631, Սյունիք՝ 581, Վայոց ձոր՝ 322, Տավուշ՝ 465:

«Նկատելի է, որ երեխաների գրանցումը դպրոցներում մի փոքր դանդաղել է, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ այս պահին միջնաժամկետ կացարանի փնտրտուքի հարցերով են զբաղված: Մեր բոլոր հայրենակիցներին հորդորում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում դպրոց դիմել՝ անկախ հետագա տեղաշարժերի փոփոխություններից, քանի որ յուրաքանչյուր օր երեխայի կրթության ժամանակից է դուրս մնում: Բոլորս պետք է առաջին հերթին մտածենք նրանց կրթության շարունակականության մասին, որպեսզի երեխաները հետագայում լրացուցիչ բարդություններ չունենան, հետևաբար խրախուսում եմ շատ ավելի ակտիվորեն դպրոցներ դիմել: Դպրոցները լրացուցիչ իրազեկված են, որ ավելի ակտիվորեն հետևեն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն՝ իրենց շրջակայքում գտնվող ու դեռևս դպրոց չհաճախող երեխաներին դպրոց բերելու հարցով», – ասել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով կրթության մյուս մակարդակներին՝ նախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ 1000-ից ավելի սովորող դիմել է ՀՀ քոլեջներ և ուսումնարաններ: Նրանց հիմնական մասը դիմել է Երևանում գործող ուսհաստատություններ. մարզերի պարագայում՝ գերակշռողը Կոտայքի մարզի քոլեջները և ուսումնարաններն են: Նախարարը նշել է, որ ըստ նախնական հաշվարկների՝ ՄԿՈՒ ոլորտի ուսանողների շուրջ 40-50 տոկոսն այս պահին արդեն դիմել է կրթության շարունակականությունը վերականգնելու համար:

«Բուհական մակարդակում ունենք ՀՀ պետական բուհերում և դրանց մասնաճյուղերում արդեն հաշվառված շուրջ 1155 ուսանող: Սա նույնպես գրեթե 50 տոկոսն է: Նախարարության կայքում արդեն հրապարակվել են բուհերի, քոլեջների և ուսումնարանների ցանկերը, և մեր ուսանողները կարող են դիմել այդ ցանկից իրենց ավելի հարմար որևէ հաստատություն, որն իրականացնում է իրենց մասնագիտությամբ կրթություն: Եթե տվյալ մասնագիտությունը չկա, նրանք կարող են դիմել հարակից մասնագիտությամբ որևէ հաստատությունում կրթությունը շարունակելու համար», – ասել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ թե՛ բուհերը, թե՛ քոլեջներն ու ուսումնարանները տեղեկացված են՝ ըստ անհրաժեշտության տարբերությունների հանձման, լրացուցիչ դասընթացների հետ կապված գործընթացները կազմակերպելու մասին:

Ներկայացնելով ուսուցիչների աջակցության ծրագիրը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հոկտեմբերի 16-ի երեկոյան գործարկվել է https://kadrer.emis.am/ հարթակը:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր ուսուցիչները կարող են հարթակում լրացնել իրենց անձնական տվյալներն ու այդպիսով գրանցվել: Նրանք մուտք կգործեն համակարգ, որտեղ հասանելի է ուսուցչական թափուր աշխատատեղերի մասին ամբողջ տեղեկությունը, որը խմբավորված է՝ ըստ մարզերի, բնակավայրերի և առարկաների: Նրանք կկարողանան շատ հեշտությամբ իրենց հարմար բնակավայրում գտնել իրենց դասավանդած առարկայով թափուր աշխատատեղ: Հարթակի գործարկման պահին գրանցված էր 1422 թափուր աշխատատեղ. այս պահին ունենք 1341, ինչը նշանակում է, որ 81 ուսուցիչ այս համակարգի միջոցով արդեն իսկ ընտրել է իրեն հարմար աշխատավայրը: Նախարարությունն արդեն նրանց կուղեգրի այդ հաստատություն: Հուսով ենք, որ դա նրանց համար կլինի լավագույն, հարմար աշխատավայրը, որը նաև մասնագիտական աշխատանքի հնարավորություն կտա: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել շուրջ 1500 ուսուցիչներին հորդորում եմ դիմել ու շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը: Կարծում եմ՝ նրանք բոլորն էլ կամ գրեթե բոլորը կկարողանան հարթակի միջոցով իրենց հարմար աշխատանք գտնել»,- խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել