Ամենածանր և դժվար իրավիճակում անգամ պետք է ուժ գտնել, շարունակել կյանքը, արարել և ընտանիք կազմել։ Արցախից իր ընտանիքի հետ բռնի տեղահանված Սյուզանը և շիրակցի Սերոժը այսօր նշանադրվեցին։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց «Շիրակ կենտրոնի» տնօրեն Վահան Թումասյանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել՝ գրելով, որ «Արցախցի և շիրակցի երիտասարդների աչքալուսանքին ենք եկել՝ նոր ընտանիք է ձևավորվում»։
Վահան Թումասյանը նշում է, որ շիրակցի Սերոժը և Սյուզանը Արցախում են առաջին անգամ ծանոթացել, որտեղ էլ աշխատում էր երիտասարդը։
Երբ Ադրբեջանը բռնի օկուպացրեց Արցախի Հանրապետությունը, Սյուզանի ընտանիքը բռնի տեղահանվեց։ Սերոժի ընտանիքն այստեղ հյուրընկալել է Սյուզանի 15–հոգանոց ընտանիքին։ Այս մի քանի օրվա ընթացքում էլ որոշել են նոր ընտանիք կազմել։