Առավոտյան ժամը 08։00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ, Հայաստանը 3 օր պարալիզացվելու է. Վազգեն Մանուկյան

Առավոտյան ժամը 08։00-ից սկում ենք անհնազանդության ակցիաները։

Հանրապետության հրապարակում հայտարարեց Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։

«Մենք պարալիզացնելու ենք քաղաքը․ մոտակա երեք օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, ամբողջ Հայաստանը պարալիզացվելու է։ Առավոտյան ժամը 08։00-11։00-ը հաստատ։ Իշխանության  հենարանը մնացել է ոստիկանությունը»,- ասաց Մանուկյանը։

Ազգային կոմիտեն հրապարակել է վաղվա անհնազանդության գործողությունների  հասցեները։

«Հետագա սերունդներն ամոթով են մեզ հիշելու. մեր օրոք Հայաստանը գցեց Արցախի ժողովրդին, որը մեր հայրենակիցներն էին։

Նիկոլի անունը կմոռանան, բայց կհիշեն, որ Հայաստանի միջոցով ինչ ոճրագործություն է եղել այնտեղ։ Ու այդ մեղքը բոլորիս վրա է։ Ու այսպես անպատիվ մենք պետք է ապրենք»։

Վազգեն Մանուկյանը իշխանափոխության համար պայքարող քաղաքական ուժերին համերաշխության ու միասնական գործելու կոչ արեց.

«Ներեք իրար, ձեռք ձեռքի տվեք, իրար լրացրեք։ Բոլորս միասին դա պետք է անենք։ Ես պատրաստ եմ կոմիտեի գործընկերների հետ հանդիպել քաղաքական ուժերի հետ։ Թող գան, միայն համերաշխությամբ կարելի է լուծել հարցը, միասնական լինելով կարող ենք ջարդել այս դևին… Ախր դև էլ չէ, տառական է, փոքր, ճստիկ անիմաստ մարդ, որ մի երկիր կործանեց։ Ու կանգնած այնտեղ խոսում է անկախության մասին։

Մենք ղեկավարել ենք անկախության շարժումը, երբ ինքը փսլնքոտ լակոտ էր, ու հիմա մե՞զ է ասում։ Ի՞նչ է հասկանում նա անկախությունից։ Նա ուզում է Հայաստանը սարքել իր «դուքյանը»,- ասաց Մանուկյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել