Դատավորը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով․ Արմեն Աշոտյանի պաշտպան

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պետք է հրապարակեր Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու դեմ բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը:

Այս մասին հայտնում է Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Քիչ առաջ պաշտպանության կողմին հայտնի դարձավ, որ դատավոր Ս.Մարաբյանը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով: Նիստի օրվա և ժամի մասին կծանուցվի լրացուցիչ»,-նշել է նա։


Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունները կատարվել են փետրվար-մարտ ամիսներին: Բացի այն, որ դրանք ոչ մի բանի մասին են, այսօր դրանց տարածումը ուղղակի ապացույց է քաղաքական հետապնդման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել