Արցախը 262 օր է շրջափակման մեջ է

Արցախը 262 օր է շրջափակման մեջ է։

Արախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 31-ին հայտարարեց, որ սեպտեմբերի մեկին արցախցիներին և ԱՀ ազգային ժողովին կներկայացնի իր հրաժարականի դիմումը։

 «Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից»,-նշել էր նա:

Օգոստոսի 29-ին հայտարարվեց, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը:

Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ դեռեւս 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին ընդլայնված միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, որի ուժով Ադրբեջանը պարտավորվում է կատարել իր կոնվենցիոն պարտավորությունները։ Եվրոպական դատարանը պարտավորեցրել է նաեւ Ադրբեջանին տեղյակ պահել Վագիֆ Խաչատրյանի ընդհանուր վիճակի եւ ընթացող քրեական վարույթի մասին։

Ադրբեջանը շուրջ չորս ամիս է, ինչ արգելափակել է բոլոր տեսակի բեռների և հումանիտար փոխադրումները դեպի Արցախ։

Հայաստանի կողմից հուլիսի 26-ին ուղարկված 360 տոննա մարդասիրական օգնությունը դեռ Կոռնիձորում է։

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 262 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել