Պեմզաշենի դաժան սպանությունների գործով մեղադրյալներից մեկը հացադուլ է հայտարարել

Պեմզաշենի երեք սպանությունների գործով մեղադրյալներից մեկը՝ Արկադի Բարսեղյանը (լուսանկարում՝ աջից՝ Ա․ Բարսեղյանը, ձախից՝ Վրույր Բարսեղյանը), հացադուլ է հայտարարել։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանն օգոստոսի 4-ից մտել է հացադուլի մեջ։ Նա մի քանի պահանջներ ունի, որոնցից մեկը գործով քննիչի փոփոխությունն է։

«Պահանջում է, որ իր գործը քննի ավելի փորձառու քննիչ, որ ապացուցվի իր անմեղությունը, ինչպես նաև պահանջում է առերեսում՝ իր դեմ ցուցմունք տված անձանց հետ»,-հայտնում է Նոնա Նավիկյանը։

ՔԿԾ ծառայողների կողմից բացատրական աշխատանքներ են իրականացվել, կալանավորին ընդունել են նաև բժիշկները։

Հիշեցնենք, որ 2022-ի նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական տանը սպանված էին հայտնաբերվել 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի և վերջինիս 12-ամյա դստեր ու 8-ամյա որդու մարմինները: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են նույն գյուղի բնակիչներ 32-ամյա Վրույր Բարսեղյանը և նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը և նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։

Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել