Ես որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի․ Արայիկ Հարությունյան

Հաշվի առնելով ծայրահեղ իրավիճակը և վերահաս հումանիտար ու անվտանգային աղետը ես որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի․ այն է` հենց այս պահից միանալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիների կողմից մեկնարկված նստացույցին։ Այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու, հորդորելու՝ միջազգային հանրությանը կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների։ Այս նստացույցով մենք ակնկալում ենք, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ու այլ լիազոր մարմիններ, ինչպես նաև բոլոր մնացած առնչվող դերակատարները զերծ կմնան, առաջին հերթին Ադրբեջանի հետագա ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց և անտեսելուց, իսկ այնուհետև կկատարեն իրենց պարտավորությունները եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների և միջազգային այլ ակտերի ու պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ։

Իսկ համայն հայրենիքում և սփյուռքում բնակվող հայ ժողովրդի բոլոր հատվածներից ակնկալում ու խնդրում  ենք, որ բոլոր հնարավոր գործողությունների դիմեն, որոշում կայացնողների ուշադրությունը հրավիրելու և Արցախին աջակցող գործնկան քայլեր կատարելու ուղղությամբ։

Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն, բնականոն հուն, ապա դրանից հետո մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դուրս։

Պահը օրհասական է։ Աստված պահապան Արցախին և ուժ ու կորով մեր ժողովրդին»,-ասաց Արցախի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել