Օրենսդրական ամրագրում կստանա «կենսաբանական մահ» հասկացությունը․ նախագիծ

Առողջապահության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի ընդունմամբ օրենսդրական ամրագրում կստանա կենսաբանական մահի հասկացությունը, ինչպես նաև օրենսդրական հիմք կսահմանվի Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար։

Սահմանվել են փոխպատվաստման պայմանները՝

  1. Կենդանի կամ դիակային դոնորից փոխպատվաստում կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բժշկական այլ միջոցառումները չեն կարող երաշխավորել պացիենտի (ռեցիպիենտի) կյանքի փրկությունը և առողջության վերականգնումը:
  2. Կենդանի դոնորից փոխպատվաստման նպատակով կարող է վերցվել միայն զույգ օրգաններից մեկը, կենտ օրգանի կամ հյուսվածքի մասը , որոնց բացակայությունը չի կարող առաջացնել դոնորի կյանքի համար վտանգ ներկայացնող փոփոխություններ:
  3. Կենդանի դոնորից վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին):
  4. Կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելն արգելվում է:
  5. Սույն օրենքի իմաստով՝ շահույթ է համարվում անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը:

«Փոխպատվաստման նպատակով դիակային դոնորից օրգաններ կամ հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք ներկայացրել է իր անհամաձայնությունը` մահից հետո հանդես գալ որպես օրգանների կամ հյուսվածքների դոնոր:

Օրգանների կամ հյուսվածքների դոնորների կամ ռեցիպիենտների ռեեստրում որպես դիակային դոնոր հանդես գալու անձի գրավոր անհամաձայնության բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակային դոնորից օրգաններ կամ հյուսվածքներ կարող են վերցվել նրա ընտանիքի անդամների համաձայնությամբ` հետևյալ առաջնահերթությամբ.

1) ամուսինը,

2) չափահաս զավակը

3) ծնողներից մեկը,

4) հարազատ եղբայրը կամ քույրը,

5) պապը կամ տատը:

Փոխպատվաստման նպատակով կենդանի դոնորից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելը թույլատրվում է, եթե՝

1) վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում դոնորը գրավոր նախազգուշացվում է սպասվելիք վիրահատական միջամտությամբ փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հետ կապված հնարավոր բարդությունների մասին.

2) դոնորն իրենից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու համար տվել է գրավոր իրազեկված համաձայնություն.

3) դոնորը անցել է բազմակողմանի բժշկական հետազոտություն, և առկա է կենդանի դոնորից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու եզրակացությունը նրանից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին: Եզրակացություն տալու կարգը սահմանում է լիազոր մարմինը:

  1. Արգելվում է փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների կամ հյուսվածքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից:
  2. Փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների կամ հյուսվածքների ներմուծման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»,-ասվում է նախագծում:

Առավել մանրամասն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել