Իրանը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ֆրանսիա մեկնելուց

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին կիրակի օրը կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանն ու ոստիկանությանը խուսափել բռնությունից և ուշադրություն դարձնել ցուցարարների պահանջներին։ Նա հայրենակիցներին խորհուրդ է տվել՝ զերծ մնալ Ֆրանսիա մեկնելուց: Այս մասին գրում է Irna գործակալությունը։

«Ներգաղթյալների նկատմամբ խտրականությունը և որոշ եվրոպական երկրների կողմից նրանց հանդեպ վատ վարքագիծն անբարենպաստ միջավայր են ստեղծել եվրոպացի քաղաքացիների համար, այդ թվում՝ Ֆրանսիայում։ Ակնկալվում է, որ Ֆրանսիայի կառավարությունը վերջ կդնի իր ժողովրդի նկատմամբ վատ վերաբերմունքին՝ հարգելով մարդկային արժանապատվության, խոսքի ազատության և քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքի սկզբունքները»,-ասել է իրանցի դիվանագետը։

Նա ֆրանսիայում բնակվող իրանցիներին կոչ է արել ձեռնպահ մնալ տեղաշարժերից և բողոքի ակցիաների վայրեր գնալուց։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ոստիկանության աշխատակիցները ստուգման ժամանակ կրակել են 17-ամյա դեռահասի, ով, ըստ անվտանգության աշխատակիցների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները։ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ Մի շարք քաղաքներում տեղակայված են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ, ներգրավված են զրահատեխնիկա, ուղղաթիռներ։ Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել մոտ 3 հազար մարդ, այդ թվում՝ բազմաթիվ անչափահասներ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել