Ռոբերտ Քոչարյանը ԼՂ-ին զրկել է բանակցությունների մասնակցի կարգավիճակից․ Նիկոլ Փաշինյան

Ռոբերտ Քոչարյանը ԼՂ-ին զրկել է բանակցությունների մասնակցի կարգավիճակից, այսինքն՝ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո ԼՂ ներկայացուցիչները բանակցություններին չէին մասնակցում, մինչդեռ դրանից առաջ մասնակցում էին լիարժեք։

Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։

Նրա խոսքով՝ այն, որ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ դառնալու պահին Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիարժեք կողմ էր, ապացուցվում է նաև այն փաստով, որ ԼՂ հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «ընդհանուր պետություն» փաթեթը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 1998 թվականի նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև ԼՂ-ին:

«Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ էր արդեն հինգ ամիս, բայց սա վերջին փաթեթն էր, որ համանախագահողների կողմից ներկայացվեց նաև ԼՂ-ին: Դրանից հետո ԼՂ-ը փաստացի նույնիսկ նորմալ տեղեկացված չի եղել, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ իր դիրքորոշմամբ Ռոբերտ Քոչարյանը ԼՂ հիմնարար օրենսդրության կոպտագույն խախտում է արել այն պարզ պատճառով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Ղարաբաղի ժողովուրդը «այո» է պատասխանել հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք դուք, որպեսզի հռչակված ԼՂՀ-ը լինի անկախ պետություն՝ ինքնուրույն որոշելով համակգործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»:

«Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը ԼՂ-ին զրկեց որևէ ինքնուրույնությունից և այդպիսով խախտեց ԼՂ ժողովրդի կամքը: Ավելին՝ նա ԼՂ-ին զրկեց միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, այն կարգավիճակից, որը նրան հնարավորություն էր տալիս միևնույն սեղանի շուրջ նստել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ադբեջանի, Հայաստանի ներկայացուցիչների հետ՝ որպես հակամարտության ու բանակցային գործընթացի կողմ: Սա, ըստ էության, ԼՂ միջազգային սուբյեկտայնության վերջն էր: Այն թերևս միակ միջազգային ձեռքբերումը, որ ունեցել էինք Ղարաբաղի հարցում, մսխվեց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրեց, թե իր կարծիքով ինչ մոտիվացիայով Քոչարյանը Ղարաբաղին դուրս թողեց բանակցային սեղանից։

«Պատճառը, իմ կարծիքով, ակնհայտ է. Քոչարյանը 1998 թվականի նախագահական ընտրությունները հաղթեց կեղծիքների մասին համատարած ահազանգերի պայմաններում, բացի դրանից՝ նա Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք չուներ, քանի որ այդ պահին գործող իրավակարգավորումներով՝ վերջին 10 տարիներին չէր համարվել ՀՀ քաղաքացի և վերջին 10 տարիներին Հայաստանում մշտապես չէր բնակվել, ինչը Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու պարտադիր պայման էր: Ասել է թե՝ Քոչարյանը Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրեց լեգիտիմության կատարյալ բացակայության պայմաններում: ԼՂ միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակը նա զոհաբերեց միջազգային լեգիտիմություն ձեռք բերելուն այն բանի համար, որ միջազգայն հանրությունը չնկատելու տա ՀՀ-ում նրա կողմից իշխանությունը զավթելու հանգամանքը: Իսկ ինչու՞ էր միջազգային հանրությանն անհրաժեշտ Ղարաբաղին բանակցությունների սեղանից դուրս թողնել: Նախ՝ որովհետև բանակցային ֆորմատը սրանով ավելի պարզանում էր, և միջազգային հանրությունը 3 սուբյեկտի հետ բանակցելու փոխարեն կարող էր այլևս բանակցել 2 սուբյեկտի հետ, որոնք 2-ն էլ, միջազգայնորեն ճանաչված լինելով, պարտավոր էին պահել խաղի որոշակի կանոններ: Իսկ ԼՂ-ը, միջազգային ճանաչված սուբյեկտ չլինելով, իրեն պահում էր շատ ավելի ազատ, նրա վրա ճնշումներ գործադրելու միջազգային լծակներ, ըստ էության, գոյություն չունեին և բանակցային սեղանի շուրջ հայկական երկու կողմերի առկայությունը մեծացնում էր մեր ճկունությունը»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ Ղարաբաղին բանակցային սեղանից դուրս թողնելով՝ պատմությունը չի ավարտվում: «1999 թվականին նոյեմբերի 18-19-ին տեղի ունեցած ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովում, նաև Հայաստանի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի կողմ քվեարկությամբ ընդունվում է Եվրոպայում անվտանգության խարտիան, որում մարդու իրավունքների բաժնում կարդում ենք «Մարդու իրավունքների, ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը՝ բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ հակառակը՝ պիտի ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոնշյալ փաստաթղթերում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում էին ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և կրոնական ինքնության պաշտպանության և խթանման միջոցներ են գոյություն ունեցող պետության կազմում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել