Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին սկսել է հաճախակի խախտել հրադադարը․ Արցախը 180 օր է շրջափակված է

Արցախը 180 օր է շրջափակման մեջ է։

Արցախից շուրջ 100 մարդ է տեղափոխվել Հայաստան, շուրջ 110-ն էլ վերադարձել է Արցախ: ՄԻՊ-ը պարզաբանել է, որ ամբողջ ընթացքում, այդ թվում՝ Հակարիի կամրջի անցակետում հայ քաղաքացիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները, չնայած, որ ադրբեջանական տեսանյութերում խաղաղապահները չեն երեւում: «Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում ռուս խաղաղապահները չերեւան, սա քարոզչական նպատակ է հետապնդում, ցույց տալու, որ տեսեք առանց երրորդ կողմի Ղարաբաղի հայ բնակչությունն անցնում է Հակարիի անցակետով:

Հունիսի  6-8-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի համարյա բոլոր ուղղություններով մի քանի անգամ խախտել է հրադադարի ռեժիմը` կիրառելով հրաձգային տարբեր զինատեսակներ։ 

«Արցախպրես»-ի փոխանցմամբ Արցախի փոքրիկներն իրենց իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում շրջափակված հայրենիքից ուղերձ էին պատրաստել` ուղղված ամբողջ աշխարհին, ավելի հասցեական՝ Միավորված ազգերի միջազգային մանկական ճգնաժամային հիմնադրամին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ին: Կոչը մեկն էր՝ «Ապաշրջափակել կյանքի ճանապարհը, ապահովել արցախցիների անվտանգությունը, սեփական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը»: Եռալեզու կոչը ներկայացրել են Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի աշակերտներ Անի Պետրոսյանը, Վյաչեսլավ Համբարձումյանը և Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սան Արփի Ասմարյանը։

Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից  ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր և Եղցահող համայնքները հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին։

Փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, դա են փաստում ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 180 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Լուսանկարը՝ «Արցախպրես»-ի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել