Քրեական օրենսգիրքը նախատեսում է «զղջալու ինստիտուտ»․ Գրիգոր Մինասյանը՝ Դիլիջանի քրեականի պետի մասնակցությամբ դեպքի մասին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

Նա նշեց, որ Քրեական օրենսգիրքը նախատեսում է «զղջալու ինստիտուտ», որը գործում է այն դեպքում, եթե քաղաքացին միջին ծանրության հանցանք է կատարել։

«Կոնկրետ այս գործով ես գտնում եմ՝ կա հնարավորություն, որ վերադաս դատարանը չեղարկի քննիչի՝ վարույթ չհարուցելու մասին որոշումը։ Դեռ ժամանակ և հնարավորություն կա ուղղելու այս ամենը»,-նշեց Գրիգոր Մինասյանը։

Iravaban.net-ը տեղեկացնում է, որ նախարարի հիշատակած կարգավորումն առկա է օրենսգրքում։ Հոդվածը սահմանում է, որ եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվություն էր ստացվել, որ 2023 թ. ապրիլի 10-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը Դիլիջանի ռեստորանային համալիրներից մեկում ծեծի է ենթարկել ռեստորանի աշխատակցին:

Վերոգրյալի կապակցությամբ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը պաշտոնում մնալով՝ կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն:

Ծառայողական քննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել