Կալանավորված անձին տրվո՞ւմ են կարճաժամկետ մեկնումներ

Կալանավորված անձին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ: Քրեական վարույթն իրականացնող մարմինն իր որոշման մասին անհապաղ գրավոր հայտնում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին և կալանավորված անձին:

«Դատապարտյալներին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ, իսկ ուղղիչ հիմնարկի պետն իր որոշման մասին անհապաղ գրավոր հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը և հավելեց, որ կարճաժամկետ մեկնում տրամադրելու համար համապատասխան որոշումն ընդունվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր դիմումի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերը փաստող անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա:

Մեղսունակությունը չբացառող հոգեկան հիվանդությամբ տառապող կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ կալանավորված անձին կամ դատապարտյալին, որը առողջության պատճառով անընդհատ խնամքի կարիք ունի, ինչպես նաև անչափահաս կալանավորված անձին կամ դատապարտյալին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են միայն ազգականի կամ այլ անձի ուղեկցությամբ։

Կարճաժամկետ մեկնումներ կարող են տրամադրվել մինչև 7 օր տևողությամբ` չհաշված մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը: Սոցիալական վերականգնման նպատակով բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև մեկ ամիս տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում 6 անգամ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել 3 օրը:

Կարճաժամկետ մեկնման մեջ գտնվելու ժամանակը հաշվվում է կալանավորման կամ պատիժը կրելու ժամկետի մեջ։

Նշենք նաև, որ կարճաժամկետ մեկնման հետ կապված ծախսերը հոգում է կալանավորված անձը կամ դատապարտյալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել