Ջրով լի շիշը դատախազի ուղղությամբ նետելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունն արդեն դատարանում է

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ամբաստանյալի կողմից դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շիշը մեղադրանքը պաշտպանող դատախազի ուղղությամբ նետելու, դատախազին հայհոյելու և սպանության սպառնալիքներ հնչեցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող առանձնապես խոշոր չափերի ապօրինի թմրամիջոցի շրջանառության գործով ամբաստանյալ Ա.Պետրոսյանը դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շիշը նետել էր մեղադրանքը պաշտպանող դատախազի ուղղությամբ: Միաժամանակ, ամբաստանյալը հայհոյել և սպանության սպառնալիքներ է հնչեցրել դատախազի հասցեին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 3-րդ մասով: Մեղադրյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել։

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Իրավաբան.net


Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել