Ծիծաղելի է, երբ ամբողջ աշխարհի առաջ բանակցում են, ասում է՝ ստվերային բանակցություններ են ընթանում. Վահագն Ալեքսանյանը՝ Գեղամ Մանուկյանին

ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը արձագանքել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին։

Ավելի վաղ Մանուկյանը հայտարարել էր․ «Գաղտագողին՝ Արցախի Հանրապետության արցախահայությունը Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություն անվանելու հարցն է, գաղտագողին այն է, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինականացրեցին ադրբեջանական մաքսակետը՝ արցախահայերին այդ մաքսակետով տանել-բերելով ու ամբողջ աշխարհին հայտարարելով, որ սահմանները կարող ենք նորմալացնել»։

Վահագն Ալեքսանյանը ծիծաղելի համարեց այս հայտարարությունը․ «Հատկապես ծիծաղելի է, երբ ամբողջ աշխարհի, տեսախցիկների առաջ բանակցում են, ասում է՝ ստվերային բանակցություններ են ընթանում հայ Ժողովրդի թիկունքում։ Եթե սա ստվերայինն է, բա իրոք սվերայինը ո՞րն է, պարո՛ն Մանուկյան։ Կարո՞ղ է 2007 թվականի հայ-թուրքական բանակցությունները։ Կարո՛ղ է, բայց դրա մասին չի խոսքը։ Հատկապես շատ հետաքրքիր է, որ ասում է՝ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի գծով Հայաստանի բանակցողն է, ու հետևաբար, եթե մասնակցում է նաև այն բանակցություններին, ուրեմն այստեղ կա նաև Թուրքիայի գործոնը, հետևաբար՝ այս ամենը Հայաստանը շաղկապում է իրար», – ասաց Ալեքսանյանը՝ անդրադառնալով Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, թե ինչ կարգավիճակով է ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը մասնակցում այդ բանակցություններին և արդյոք հայ-թուրքականը կապված է հայ-ադրբեջանականի հետ։

Ինչպես ընդգծեց Վահագն Ալեքսանյանը, Ռուբեն Ռուբինյանը շաբաթվա մեջ հանդիպում է տասնյակ երկրների պատվիրակությունների հետ և այդ հանդիպումները լինում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։

«Օրինակ եղե՞լ է, որ գաք այստեղ ու ասեք՝ Ռուբեն Ռուբինյանը,՞ որ հանդիպեց Բուլղարիայի պատվիրակությանը, արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը փորձում է հայ-բուլղարական հարաբերությունները կապել հայ-թուրքականին։ Կամ Շվեյցարիայի, Անգլիայի, Ֆրանսիայի․․․ Չեմ զարմանա, որ դա էլ ասեք։ Իսկ Ազգային ժողովի փոխնախագահը, այո՛, գնացել ու մասնակցում է այդ բանակցություններին, և ես այստեղ չեմ տեսնում՝ որն է խնդիրը։ Սա խորհրդարանական հանրապետություն է և խորհրդարանական հանրապետությունում կա Ազգային ժողովի փոխնախագահ, որը մասնակցում է այդ բանակցություններին։ Խնդիրն այստեղ ո՞րն է», – ասաց Ալեքսանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել