ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու մասին

Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը հրապարակել է ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու մասին․

« • Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի,
• Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի,
• Եվրախորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի կողմից,

«Լաչինի միջանցքի առնչությամբ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի մասին», Բրյուսել, 25 ապրիլի 2023.

«Մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ: Սա կարող է ունենալ հնարավոր բացասական հետևանքներ և դիտվել որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի՝ կատարման համար պարտադիր վճռի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակտ, որն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվում է՝ հումանիտար դժվարություններ պատճառելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, խաթարելով խաղաղության հեռանկարները։ Վերջին գործողություններն էլ ավելի են սրում իրավիճակը։ Մենք կոչ ենք անում Բաքվին անհապաղ փոխել իր քաղաքականությունը և հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև հարգել միջազգային պարտավորությունները և նորմերը։ Եվրամիությունը շարունակում է կողմերին՝ բանակցությունների միջոցով իրենց բոլոր տարաձայնությունների լուծմանը աջակցելու իր պատրաստակամությունը:

Ավելին, ցավալի է, որ նման գործողություններ իրականացվել են հենց ապրիլի 24-ի` Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին՝ 108 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից բնաջնջման արշավի մեկնարկի տարելիցին: Մենք հիշում ենք Ցեղասպանության ժամանակ զոհված մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակը և կոչ ենք անում միջազգային հանրությանը զգոն մնալ բորբոքիչ հռետորաբանության և ատելություն հրահրող, հաշտեցումը կանխող բոլոր դեպքերի առնչությամբ»»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել