Ինչպե՞ս է որոշվում ՀՀ մաքսային տարածքով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի կողմից, բացառությամբ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված այն դեպքերի, երբ դա որոշվում է մաքսային մարմինների կողմից:

Մաքսային արժեքը որոշվում է «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» VII գլխի (մաքսային արժեքի որոշման համաձայնագրի) բացատրական նշումներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուն մաքսային հայտարարագրի հետ միասին պետք է ներկայացնի`

1) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման փաստաթուղթը, որը պետք է պարունակի փաստաթղթի տրման ամիս-ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի (անվանումը, առկայության դեպքում` ապրանքային նշանը կամ առևտրային անվանումը), տեղերի/քանակի, չափի միավորի, միավոր արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաև վճարման փաստաթուղթը կամ հետագա վճարման պարտավորությունը հաստատող փաստաթուղթը (երաշխիքի նամակ կամ վաճառողի և գնորդի միջև համաձայնեցված այլ փաստաթուղթ).

2) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության և համանման այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, եթե ապրանքների մատակարարման պայմաններով այդպիսի ծախսերի պարտավորությունը կրում է գնորդը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել