Պալատի նախագահի ընտրություններին ընդառաջ փաստաբանները ցույց են տալիս իրենց իրական դեմքը. Վարդան Խեչյան

«Եթե նայենք անցած ութ տարիները և կատարենք մտովի վերլուծություն, ապա կհամոզվենք, որ Փաստաբանների պալատը աշխատել է յուրաքանչյուրիս հարցին դրական լուծում տալ»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների Միջազգային Միություն (Համագործակցություն) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդան Խեչյանը:

Վերջինիս խոսքով` այն փաստաբանները, որոնք բացասաբար չեն արտահայտվել կամ առհասարակ երբևէ չեն արտահայտվել Փաստաբանների պալատի գործունեության վերաբերյալ, հանկարծ Պալատի նախագահի ընտրություններին ընդառաջ ցույց են տալիս իրենց իրական դեմքը:

«Այդ թեկնածուները քարոզչության ժամանակ իրենց թույլ են տալիս օգտագործել արտահայտություններ, որոնք, կարծում եմ, հարիր չէ փաստաբանին: Իհարկե, պարզ է, որ այդ արտահայտությունները հնչեցնելու միակ նպատակը ընտրական սև տեխնոլոգիաներով փաստաբանների շրջանակներում համապատասխան էլեկտորատ հավաքելու փորձն է: Բայց մենք չպետք է մոռանանք, որ չի կարելի պղծել բաժակը, որից դու ջուր ես խմում: Ես կողմնակից եմ ցանկացած առողջ քննադատության, նույնիսկ սուր քննադատության, բայց երբ փորձ է կատարվում նվաստացնել և վարկաբեկել Պալատի բարի համբավը, ես կտրականապես դեմ եմ նման երևույթներին: Գուցե և գտնվեն փաստաբաններ, որոնք Պալատի բարի համբավը պաշտպանելու հայց կներկայացնեն, որպեսզի նման արտահայտություններ Պալատի հասցեին այլևս չկրկնվեն»,- կարծում է Վարդան Խեչյանը:

Նրա գնահատմամբ` Պալատն իր գործունեության անցած ժամանակահատվածում յուրաքանչյուր փաստաբանի կյանքում իր դրական դերակատարություն է ունեցել:

«Օրինակ` Պալատը անցած ժամանակահատվածում նախաձեռնել և իրականացրել է մի շարք օրենսդրական փոփոխություններ, այդ թվում` կարգավորվել և ճշգրվել է «փաստաբանական գործունեության» հասկացությունը, կարգը և սահմանները: Խմբագրվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի «Փաստաբանի պատասխանատվությունը» գլուխը, «Հանրային պաշտպանությունը և հանրային պաշտպանի գրասենյակը» գլուխը, օրենքը լրացվեց «Փաստաբանական դպրոցը և փաստաբանների վերապատրաստումը» գլխով: Պալատը նախաձեռնել և ընդունել է նաև մի շարք ներքին իրավական ակտեր, այդ թվում՝ «Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը», «Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգը», «Փաստաբանների պալատի կանոնադրությունը»,-նշում է Փաստաբանների Միջազգային Միություն (Համագործակցություն) հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը:

Վարդան Խեչյանի բնորոշմամբ, ուսումնասիրելով միջազգային փաստաբանական գործունեության փորձը, նկատել է, որ մենք այս ոլորտում մյուսներից շատ ավելի առաջ ենք. կան երկրներ, որտեղ Պալատի նախագահի պաշտոնը ընտրովի չէ, այլ նշանակովի:
Փաստաբանական գործունեության անկախության երաշխիքներից մեկը այդ ինստիտուտի առկայությունն է:

«Իհարկե, օրենքում կան թերություններ և բացթողումներ, որոնք, ըստ իս, կարող են փաստաբանական գործունեության երաշխիքների և փաստաբանության անկախության խաթարման լուրջ խնդիրներ առաջացնել: Խոսքը փաստաբանական պալատի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և Պալատի նախագահի կողմից փաստաբանական գործունեությամբ զբաղվելու օրենքով սահմանված իրավազորությունների առկայության մասին է:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ փաստաբանների պալատն իր բնույթով ոչ առևտրային կազմակերպություն է, սակայն նույն հոդվածը հակասում է նախկին եզրույթին: Այսպես, նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Պալատը կարող է նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել իր կանոնադրությամբ նախատեսված տեսակներով: Ես համամիտ չեմ օրենքի այս սահմանմանը, քանի որ Պալատի կանոնադրությամբ գործունեության տեսակները շատ խայտաբղետ ու բազմաոլորտային են: Մեկ օրինակ բերեմ միայն. Պալատի կանոնադրությամբ սահմանված գործունեության տեսակներից է Պալատի կողմից խորհրդատվական ծառայությունների մատուցումը: Պատկերացնում եք` ի՞նչ կստացվի, եթե վաղը Պալատը որոշի փաստաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել: Եվ դա Պալատի կողմից կլինի օրենքի սահմաններում:

Մյուս խնդիրը փաստաբանների պալատի նախագահի աշխատանքի համատեղումն է փաստաբանական գործունեության հետ: Օրենքն ասում է, որ փաստաբանների պալատի նախագահի աշխատանքի համատեղումը փաստաբանական գործունեության հետ, չպետք է խոչընդոտի իր լիազորությունների իրականացմանը: Կարծում եմ` Պալատը ներկայացնող նախագահը չպետք է իր վստահորդից կախման մեջ լինի կամ նրա հանձնարարությամբ կատարի որոշակի գործողություններ կամ դատարանում հանդես գա, որպես ներկայացուցիչ կամ պաշտպան: Հնարավոր է Պալատի նախագահի կողմից աշխատանքի համատեղումը չխանգառի իր լիազորությունների իրականացմանը, բայց նրա կողմից այդ աշխատանքի համատեղումը կարող է վնաս պատճառել այլ փաստաբանների գործունեությանը, ինչպես նաև փաստաբանության անկախության վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ:

Իմ համոզմամբ, Պալատը և նախագահը պետք է զուրկ լինեն ձեռնարկատիրությունից և այն ամենից, ինչ կապված է առևտրային հարաբերությունների հետ: Օրենքով պետք է արգելել Պալատին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ նախագահին` փաստաբանական գործունեությամբ: Այդ առումով, ես կցանկանայի Պալատի նախագահի թեկնածուների ծրագրերում տեսնել իմ կողմից նշված օրենսդրական փոփոխությունների նախագիծը: Համոզված եմ այդ նախագծի ընդունումը փաստաբանների և փաստաբանական մարմինների շահերից է բխում»,- ասաց Վարդան Խեչյանը:

Հ.Գ. Արդեն երկու տարի Հայաստանում հիմնադրվել է «Փաստաբանների Միջազգային Միություն (Համագործակցություն)» հայաստանյան ներկայացուցչությունը: Ներկայացուցչության հիմնական նպատակներից է բարեկամության ամրապնդումը, միջազգային համագործակցության զարգացումը և փորձի փոխանակումը, ինչպես Հայաստանի և Ռուսաստանի փաստաբանների, այնպես էլ Հայաստանի և ԱՊՀ երկրների փաստաբանների միջև:

Ներկայումս «ՓՄՄՀ»-ում անդամագրված են ավելի քան 12.000 անդամ: «ՓՄՄՀ»-ի նախագահությամբ ստեղծվել են ներկայացուցչություններ ոչ միայն Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսիայում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, այլ նաև Շվեցարիայում և Գերմանիայում: Շուտով նոր ներկայացուցչություն կստեղծվի նաև Չեխիայում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել