«Մեդլայն» բժշկական կենտրոնի բժիշկներ են ձերբակալվել

«Մեդլայն» բժշկական կենտրոնի բժիշկներ են ձերբակալվել։ Iravaban.net-ին Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան ասացին, որ քրեական վարույթի շրջանակում այսօր նոր անձինք են ձերբակալվել, սակայն նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն չտրամադրեցին` հավելելով որ անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնեն։

Հիշեցնենք, որ COVID-ի շրջանում ենթադրյալ չարաշահումների քրեական գործով մարտի 13-ին կալանավորվել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լիլյա Հովակիմյանին։

Հիշեցնենք, որ այս գործով կալանավորվել էր նույն հիվանդանոցի հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, որն այս պահին Երևանի փոխքաղաքապետն է։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Ըստ իրավապահների՝ «Մեդլայն»-ի առնվազն 8 բժիշկ, հիմնադիր տնօրենի կազմակերպմամբ, ստացիոնար բաժանմունքում բուժված 385 պացիենտի հիվանդության պատմագրերում գրել են, թե իբր նրանք վերակենդանացման բաժանմունքում են բուժվել։

«Մեդլայն կլինիկը» հարուցված քրեական գործը որակում է բժշկական գիտության և բուժական ընթացակարգերի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա հիմնված սխալ եզրահանգումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել