Այսօր Ավագ հինգշաբթի է․ Վերջին ընթրիքի խորհուրդն ու ոտնլվայի արարողությունը

Ավագ հինգշաբթի օրը հիշատակվում է Հիսուս Քրիստոսի Վերջին` Խորհրդավոր ընթրիքը: Այս ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը, օրհնեց այն, կտրեց, և տալով իր տասներկու աշակերտներին` ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը» (Մատթ. 26։ 26): Ապա, բաժակը վերցնելով, գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար» (Մատթ. 26։ 28):

Այս մասին գրում է Qahana.am-ը։

Այս օրը եկեղեցական արարողակարգի առումով չափազանց հագեցած է: Հինգշաբթի առավոտյան ժամերգությունից հետո կատարվում է ապաշխարողների արձակման կարգ, նշենք որ այն տարվա մեջ արվում է մեկ անգամ և այդ ընթացքում երգվում են ապաշխարության շարականներ, ընթերցվում՝ աղոթքներ, մաղթանքներ, քարոզներ: Այնուհետև մատուցվում է Սուրբ Պատարագ, ի հիշատակ Վերջին ընթրիքի և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման: Աշխարհի քրիստոնյաների համար իրենց շփումն Աստծո հետ իրականանում է ամենասերտ կերպով՝ Հաղորդության միջոցով:

Ավագ հինգշաբթի օրը հայ եկեղեցիներում տեղի է ունենում նաև Ոտնլվայի կարգ, որը ավանդվել է մեզ Հիսուս Քրիստոսից: Այդ օրը պատարագիչ  քահանան 12 դպիրների հետ միասին բարձրանում է խորան և ոտնլվայի արարողակարգի ժամանակ լվանում  նրանց ոտքերը: Այս արարողության հիմքը Ավետարանում նկարագրվող պատմությունն է, երբ Վերջին ընթրիքից առաջ Հիսուս լվանում է իր աշակերտների ոտքերը: Հին աշխարհում ինչպես գիտենք ճանապարհները փոշոտ էին և երկար ճանապարհ անցնելուց հետո բնական էր, որ մարդկանց ոտքերը կեղտոտվում էին: Հնում ընդունված կանոն էր, երբ մեկի տուն հյուրեր էին գալիս պետք էր նրանց ոտքերը լվանային: Ոտքերը իրականում լվանում էին ծառաները, ստրուկները, աղախինները: Այսինքն այս գործը անպատվաբեր մի բան էր համարվում, որը պետք է կատարեին տան աշխատողները: Որպես խոնարհության բացառիկ օրինակ Քրիստոս, Ինքը առաջինը վեր կացավ, սրբիչը կապեց իր մեջքին և լվաց աշակերտների ոտքերը՝ առաջինը կանչելով Պետրոս առաքյալին․ «Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձեւով անեք» (Հովհ. 13.1-20):

Եկեղեցու հայրերն այս օրինակի մեջ նաև Մկրտության խորհուրդն են տեսնում: Եթե մեկը հյուր էր գալիս ինչ-որ մեկի տուն, առանց ոտքերը լվանալու ներս չէր կարող մտնել, այդպես էլ որևէ մարդ առանց մկրտության չի կարող եկեղեցի և երկնքի արքայություն մտնել:

Մեր Տիրոջ ձեռքում էր գտնվում և՛ փառքը, և՛ իշխանությունը, բայց Նա այս օրինակով Իր խոնարհությունն է ցույց տալիս մարդկանց՝ պատգամելով, որ եթե ցանկանում ենք մեծ լինել և մեր պատվավոր տեղը ունենալ երկնքի արքայությունում, պետք է սիրով ծառայենք միմյանց:

Ավագ հինգշաբթիի երեկոյան մեր եկեղեցիներում կատարվում է Խավարման կարգ, որը պատկանում է Ավագ ուրբաթին, քանի որ եկեղեցական օրացույցի համաձայն երեկոյան ժամերգությունից հետո օրը փոխվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել