Որևէ ծառ չի հատվել․ ՇՄՆ-ն պարզաբանում է

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ,

Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի շուրջ շարունակվող անհարկի, անհիմն, մանիպուլյատիվ շահարկումները ոչ մի առնչություն չունեն իրականության հետ և պարզապես մատնում են շահարկողների իրական մտադրությունները:
Հանրությանն այդ շահարկումներից զերծ պահելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․

Լողափի շուրջ բարձրացված աղմուկի հիմքում ընկած է անձնական հետաքրքրություն և շահադիտական նպատակ, քանի որ բողոքողի և Լճաշենի հանրային լողափի համար հայտարարված մրցույթի չշահած քաղաքացու միջև առկա է մոտ ազգակցական կապ (հիմք՝ AuroraNews լրատվականի տված հարցազրույցի 13։24 րոպեից՝ https://www.facebook.com/RadioAurora/videos/5971220946297626),

մրցույթին չհաղթած նախագծի հեղինակը գործընթացին մոտեցել է անպատասխանատու, մրցույթի օրը անձամբ կամ ներկայացուցիչի միջոցով չի ներկայացել՝ իր ներդրումային ծրագիրը ներկայացնելու նպատակով։ Այնուամենայիվ հանձնաժողովը ծանոթացել է ծրագրին, դիտարկել այն,

մրցություն հաղթել է այն նախագիծը, որը համապատասխանել է ներկայացված բնապահպանական պահանջներին, հանրային լողափի զարգացման համար ներկայացրել է առավել բարձր ներդրումային գումար, ինչպես նաև առաջարկել է ամենաբարձր վարձավճարը։ Ուստի մրցույթի անցկացման օրինականությունը և թափանցիկությունը հիմնավորված է առկա փաստերով,

Լճաշեն համայնքային կյանքի աշխուժացման համար մտահոգ որևէ քաղաքացու համար չկա ոչ մի խոչընդոտ այլ ձևաչափերում համագործակցելով ազգային պարկի կամ լողափի վարձակալների կամ համայնքի հետ՝ կյանքի կոչել զարգացման ծրագրերը,

հանրային լողափիերի կազմակերպման բուն նպատակը լողափնյա գոտու ստեղծումը և քաղաքացիների համար որակյալ ծառայությունների մատուցումն է, ինչը հնարավոր չէր լինի իրականացնել առանց տարածքի բարեկարգման և մաքրման։

նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն անձամբ «Սևան» ազգային պարկի և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ աշխատանքային այցով եղել է լողափի տարածքում և՛ մաքրումից առաջ, և՛ հետո։

ԼՈՂԱՓԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՐևԷ ԾԱՌ ՉԻ ՀԱՏՎԵԼ, ԱՐՄԱՏԱԽԻԼ ՉԻ ԱՐՎԵԼ՝ ինչն արձանագրված է և փաստաթղթերով և տեսանյութով՝ չնայած այն հանգամանքին, որ տարածքը ընկած է 1905 մետր նիշից ներքև և հանդիսանում է անտառմաքրման ենթակա տարածք։
ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵ՛Ր և ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑԱՈՒՑԻՉՆԵ՛Ր, հանրային լողափերի կազմակերպման գործընթացն իրականացվում է գործող օրենսդրական կարգավորումների և գործիքակազմերի շրջանակներում։
Հուսով ենք, որ լողափնյա սեզոնին մեր քաղաքացիները հնարավորություն կունենան այցելելու և վայելելու բարեկարգ և հանգստի լավագույն ձևերն առաջարկող անվճար հանրային լողափ։
Հ․Գ․ ներկայացված տեսանյութը նկարահանվել է 2022 թվականին՝ լողափում մաքրման աշխատանքների մեկնարկի առաջին օրերին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել