ԱԱՀ վճարող համարվե՞լ, թե՞ հաշվառվել․ փոքր բիզնեսի համար «օրենսդրական թակարդ», որը ունենում է հետևանքներ. Քաղցրիկ Գևորգյան՝ «Սթեփ Քընսալթինգ» ընկերության իրավաբան

Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող հաշվառվելու և համարվելու միջև ձևական առումով կան տարբերություններ, սակայն բովանդակային առումով դրանք, ըստ էության, նույնական են։ Այս մասին հայտնում է «Սթեփ Քընսալթինգ» ընկերության արտաքին հարաբերությունների գծով իրավաբան Քաղցրիկ Գևորգյանը։

«Նման ձևական պահանջներով է պայմանավորված այն հանգամանքը, որ եթե անձը թեկուզև տեխնիկական պատճառներով չի կարողանում օրենքով սահմանված կարգով հայտարարության ներկայացնել ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ կամ իր բացթողնմամբ մոռանում է նման հայտարարություն ներկայացնել, չնայած այն հանգամանքին, որ վերջինս արդեն իսկ ավտոմատ կերպով համարվում է ԱԱՀ վճարող, խնդիր է ունենում կուտակված ԱԱՀ-ի դեբետային մնացորդը վերադարձնելու իր իրավունքի իրացման հետ կապված կամ իսպառ զրկվում է այդպիսի իրավունքից։

Այսպիսով՝ չնայած այն հանգամանքին, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն արգելում է վարչական մարմիններին միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց մերժել որևէ իրավունք տրամադրել, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են, նշված իրավիճակում, դեպքեր կան, որ անձը փաստացի զրկվում է օրենքով սահմանված կարգով կուտակված միլիոնավոր դրամների հարկային մնացորդի վերադարձից։

Նման հարկային վարչարարությունը կարող է վնասել փոքր ձեռնարկատիրությունը, հակասել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված պարզության սկզբունքին, ինչպես նաև հարցականի տակ դնել ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրով սահմանված հարկային վարչարարության գծով սահմանված նպատակները»,-մանրամասնում է իրավաբանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել