Ինչպե՞ս կանխել վիճելի գույքի վաճառքը

Քաղաքացիական հայցերի մեծամասնությունը կապված է սեփականության իրավունքի ճանաչման, գործարքների անվավեր ճանաչման կամ գումարի բռնագանձման պահանջների հետ:

Դատարանը, հայցադիմումը վարույթ ընդունելով, ծանուցում է այդ մասին նաև պատասխանողին և վերջինիս է ուղարկում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը, կից փաստաթղթերը:

Նման պայմաններում, մեծանում է վտանգը, որ պատասխանողը մինչև գործով վերջնական դատական ակտ կայացնելը կարող է վաճառել վիճելի գույքը, իր բանկային հաշիվներից հանել գումարները, որի հետևանքով, եթե նույնիսկ կայացվի հայցը բավարարելու մասին վճիռ, այն կմնա անկատար:

Այս իրավիճակից խուսափելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հայցի ապահովման հնարավորություն:

Այսպես. դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:
Հայցի ապահովման միջոցներն են`
1)պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.
3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.
4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը:
5) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը` անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում:

Անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:

Դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ հայցի ապահովման դեպքում պատասխանողն իրավունք ունի հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ մուծել հայցվորի պահանջած գումարը:

Դատարանի` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը ենթակա է կատարման անհապաղ` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության(ԴԱՀԿ) միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել