Կալանավորվել է «Մեդլայն» ԲԿ-ի փոխտնօրենը

COVID-ի շրջանում ենթադրյալ չարաշահումների քրեական գործով մարտի 13-ին կալանավորվել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լիլյա Հովակիմյանին։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։

COVID-ի շրջանում նա զբաղեցրել է բժշկական կենտրոնի ավագ բուժքրոջ պաշտոնը։

Հիշեցնենք, որ այս գործով օրեր առաջ կալանավորվել էր նույն հիվանդանոցի հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, որն այս պահին Երևանի փոխքաղաքապետն է։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Ըստ իրավապահների՝ «Մեդլայն»-ի առնվազն 8 բժիշկ, հիմնադիր տնօրենի կազմակերպմամբ, ստացիոնար բաժանմունքում բուժված 385 պացիենտի հիվանդության պատմագրերում գրել են, թե իբր նրանք վերակենդանացման բաժանմունքում են բուժվել։

«Մեդլայն կլինիկը» հարուցված քրեական գործը որակում է բժշկական գիտության և բուժական ընթացակարգերի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա հիմնված սխալ եզրահանգումներ։

Նույն գործի շրջանակենրում տնային կալանքի տակ է «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի դեղակայուն բաժանմունքի վարիչը, ևս 8 անձ ձերբակալվել էր, բայց նրանք հիմա ազատության մեջ են։ Կալանավորված տնօրենն ու առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել