Ինչպե՞ս հաշվառումից հանել ոչ պիտանի տրանսպորտային միջոցը

Ֆիզիկական անձանց պատկանող` հարկվող օբյեկտ համարվող տրանսպորտային միջոցի խոտանումը շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության վարչության գրանցման-քննական ստորաբաժանումների հաշվառումից հանելն է:

Ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող կամ օրենքով սահմանված կարգով լիազորված անձանց տնօրինությանը հանձնված և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության վարչության ստորաբաժանումներում հաշվառման մեջ գտնվող տրանսպորտային միջոցները խոտանելու դեպքում սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության ստորաբաժանումներ է ներկայացնում՝
ա) դիմում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին,
բ) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (լիազորված անձի) անձնագիրը,
գ) տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը),
դ) պետհամարանիշերը,
ե) հաշվառումից հանելու համար պետական տուրքի գանձման անդորրագիրը:
Ավտոմոբիլի զույգ համարանիշերի, մոտոցիկլի, կցորդի համարանիշերի կորստյան դեպքում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին դիմումին կցվում է նաև դրա կորստյան փաստը հավաստող տեղեկանք՝ տրված Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան բաժնի կողմից (ըստ քաղաքացու դիմումի):

Ավտոմոբիլի մեկ համարանիշը կամ գրանցման վկայագրի կորստյան դեպքում դրա մասին նշում է կատարվում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին դիմումում: Այդ դեպքում մեկ համարանիշի կամ գրանցման վկայագրի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ խոտանումը մերժելու համար:

Խոտանման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի զննում չի կատարվում:

Տրանսպորտային միջոցը խոտանվում է դրա մասին դիմումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում: Խոտանված տրանսպորտային միջոցները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության գրանցման-քննական ստորաբաժանումների կողմից:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության մարմիններ դիմող` տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկության դեպքում նրան հատկացվում է խոտանված տրանսպորտային միջոցի բաղադրիչ մասերի՝ թափքի (ամրաշրջանակի) և (կամ) շարժիչի պատկանելության վերաբերյալ փաստաթուղթ՝ հետագայում դրանք տնօրինելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել