Տարօրինակ օրենքների շարքից. Էթիկետը վաղ անցյալում

Էթիկետի կանոններն անցել են պատմական զարգացման երկար ճանապարհ: Դեռևս դասական գրականության մեջ հանդիպում ենք վարվեցողության սովորույթների և նորմերի նկարագրության: Այսպես. հին սկանդինավյան ձեռագրերում («Էդդա»-ում) բավական հանգամանալից տեղեկացվում է սեղանի շուրջ նստելու սովորույթների մասին: Ըստ նշված աղբյուրի՝ շատ պատվաբեր էր համարվում ազդեցիկ մարդու հետ նույն ափսեից ճաշելու հրավերը, իսկ կենացներ և բաժակաճառեր ասելու կանոնները խախտելու դեպքում պատիժ էր սահմանված:

Ռուսաստանում էթիկետն առավել տարածում է գտել Պետրոս I-ի օրոք: 1709թ. նա արձակել է մի հրաման, որի համաձայն պատիժ էր սահմանվում էթիկետի կանոնները խախտողներին: Իսկ 1717թ. նրա նախաձեռնությամբ տպագրվել է մի գիրք, որտեղ ներկայացվում էին պալատական վարվեցողության կանոնները: Ավելի ուշ Եկատերինա II-ը կազմել է «Էրմիտաժային էթիկետ» գիրքը, որտեղ նա ընթերցողներին կոչ էր անում ուտել համեղ կերակուրներ և խմել զանազան խմիչքներ, սակայն երբեք չգինովնալ այնքան, որ կորցնել ինքնատիրապետումը: Իսկ Էրմիտաժի հյուրերին խնդրվում էր ձեռք չտալ հախճապակյա թանկարժեք իրերին ու արձաններին:

Հնում էթիկետի կանոնները հիմնականում պահպանվում էին միջպետական դիվանագիտական հարաբերություններում, իսկ միջին դարերում էթիկետի կանոնները տարածվեցին բնակչության տարբեր խավերի՝ վաճառականների, գիտնականների, ուսանողների շրջանակներում:

Էթիկետի պատմական զարգացման փուլերից է պալատական էթիկետի ձևավորումը, որը զարգացման գագաթնակետին հասավ միջնադարում: Պալատական էթիկետը խստորեն պահպանվում էր ֆրանսիական, անգլիական, առավել ևս իսպանական արքունիքներում: Խստությունն այստեղ երբեմն ծայրահեղացվում էր, իսկ առանձին դեպքերում էթիկետի պահանջների խախտումը դիտվում էր որպես հանցագործություն:

Հայտնի է Իսպանիայում Ֆիլիպ II-ի թագավորության տարիներին տեղի ունեցած մի դեպք: Թագուհին ընկել է ձիուց՝ ընթացքի ժամանակ՝ ոտքը թողնելով ասպանդակի մեջ: Կատաղած ձին շարունակել է սլանալ՝ իր ետևից քարշ տալով թագուհուն: Այս ամենը տեղի է ունեցել թագավորի բազմաթիվ պալատականների աչքի առջև, սակայն նրանցից ոչ մեկը չի համարձակվել մոտենալ և օգնել թագուհուն: Վերջիվերջո, պալատականներից երկուսը, մարդասիրությունից դրդված, փրկել են թագուհուն և, թագավորի զայրույթից սարսափած, իսկույն հեռացել պալատից:

Մեկ այլ հիշարժան դեպք, որը կրկին տեղի է ունեցել Իսպանիայում: Ֆիլիպ III թագավորի պալատում բռնկված հրդեհի պատճառով թագավորը այրել է իր զգեստի ժանյակները, սակայն չի փորձել հանգցնել կրակը, քանի որ պալատական հրդեհները հանգցնելու արարողակարգի համար պատասխանատու անձը այդ պահին բացակայել է պալատից:

Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII-ը գործնական հանդիպում է նշանակում կարդինալ Ռիշելյեի տանը: Գալով նրա մոտ՝ թագավորը կարդինալին տեսնում է անկողնում` հիվանդ պառկած: Պալատական օրենքների համաձայն՝ թագավորն իրավունք չուներ ենթակաների հետ խոսել նստած կամ կանգնած, եթե նրանք պառկած էին: Ուստի Լյուդովիկոս XIII-ը նախքան զրույցը սկսելը, ստիպված է լինում պառկել Ռիշելյեի կողքին:

Միջնադարում վարքի խիստ սահմանված նորմերով էր առաջնորդվում ասպետական դասը: Հագուստի ոճը, մասնավորապես՝ գլխարկները, հստակ կերպով արտացոլում էին տիրոջ հասարակական դիրքը: Ասպետներն իրենց հեղինակությունը պաշտպանում էին թանկարժեք քարերով զարդարված հագուստ կրելով:

Մենամարտի ժամանակ իդեալական ասպետը պետք է մտածեր ոչ այնքան հաղթանակելու, որքան սեփական պատիվն ու արժանապատվությունը պահպանելու մասին: Նա հակառակորդի մեջքին հարվածելու, ինչպես նաև անզեն հակառակորդին սպանելու իրավունք չուներ: Եթե մարտի ժամանակ հակառակորդն ընկնում էր ձիուց, ասպետը ևս պետք է իջներ ձիուց:

Ասպետը պարտավոր էր լինել քաղաքավարի, պարկեշտ, առատաձեռն, վտանգի դեպքում պարտավոր էր օգնել թույլերին, կանանց և երեխաներին: Միևնույն ժամանակ, իրենց դասին չպատկանող մարդկանց հանդեպ ասպետները գոռոզ էին, կոպիտ ու դաժան:

Միջնադարյան էթիկետի կանոններն աստիճանաբար կորցրեցին իրենց նշանակությունը և բուրժուական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ այլ նշանակություն ստացան:
Ռացիոնալիզմի ներկայացուցիչները գտնում էին, որ էթիկետի կանոններն առաջին հերթին պետք է մարդուն սովորեցնեն զսպել այն բոլոր բուռն հույզերն ու նյարդային վիճակների դրսևորումները, որոնք անընդունելի են հասարակության համար: Դաստիարակված մարդու համար խիստ անհրաժեշտ պայման էր համարվում տարբեր կոնֆլիկտային իրավիճակներում ինքնատիրապետման ընդունակությունը: Այդ հատկանիշը շատ էին գնահատում հատկապես անգլիացիները: Դեռևս մանկուց նրանք իրենց երեխաների մեջ դաստիարակում էին ինքնազսպման և ինքնակառավարման հատկություններ: Նրանց սովորեցնում էին հաղթահարել ցուրտն ու շոգը, ցավն ու վախը և ներշնչում էին, թե մարդը պետք է լինի սեփական հոգու «կառավարիչը», թե΄ ուրախության, թե΄ վշտի, թե΄ հաջողության և թե΄ անհաջողության դեպքում նա պետք է անդրդվելի լինի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել