Սպառողն իրավունք ունի փոխարինելու նաև պատշաճ որակի ապրանքը

Գաղտնիք չէ, որ սպառողն իրավունք ունի փոխարինել ոչ պատշաճ որակի ապրանքը պատշաճ որակի ապրանքով:

«Կարևոր է իմանալ նաև, որ սպառողն իրավունք ունի փոխարինել նաև պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով այն վաճառողի մոտ, ումից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ, բացառությամբ կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

Վերջինիս խոսքով` սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը տասնչորս օրվա ընթացքում` չհաշված գնման օրը, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել:

Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը:

«Եթե սպառողի` վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ լուծել առուվաճառքի պայմանագիրը և պահանջել հետ վերադարձնելու նշված ապրանքի համար վճարված գումարը կամ փոխարինել այն նմանօրինակ ապրանքով` վաճառքում համապատասխան ապրանքի առաջին իսկ ստացման դեպքում»,-ասում է իրավաբանը:

Վաճառողը պարտավոր է ոչ պարենային ապրանքի փոխարինումը պահանջող սպառողին հայտնել վաճառքում այդ ապրանքի ստացման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել