Երևան քաղաքի ավագանին փետրվարի 14-ին կգումարի 10-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Նիստին որոշումներ կընդունվեն Երևանի մի քանի փողոցների անվանակոչման մասին։
Iravaban.net-ը հայտնում է, որ կքննարկվի Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցը հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի անվամբ՝ «Լուսինե Զաքարյան փողոց» անվանակոչելու հարցը։ Նախագիծը նեկայացրել են «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արման Անտոնյանն ու Հայկ Միրզոյանը։
Նախագիծի համաձայն՝ Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե (Սվետլանա) Հաբեթի Զաքարյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին, Վրաստանի ՍամցխեՋավախքի շրջանի Ախալցխա քաղաքում։ Լուսինե Զաքարյանը սերում է երաժիշտների գերդաստանից։ Մորական կողմից պապը՝ Իոսիֆ Տոմաշևիչը (ծագումով լեհահայ), եղել է Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչ։ Տատը՝ Ելենա Տոմաշևսկայան, դաշնակահարուհի էր։ Հայրը՝ Հաբեթ Զաքարյանը, սիմֆոնիկ նվագախմբի կազմում նվագում էր բաս փողային գործիք։ Մայրը՝ Վերոնիկա Տոմաշևսկայան, նույնպես օժտված էր երաժշտական կարողություններով։ Եղբայրը՝ Դավիթ Զաքարյանը, դաշնակահար և ակորդեոնիստ էր։ Ունի քույր՝ Ելենան։
1968 թվականին ամուսնացել է շարականագետ, բանասեր, երգիչ Խորեն Պալյանի հետ, ում օգնությամբ ավելի է խորացել հայ միջնադարյան երաժշտության և հոգևոր երգեցողության մեջ։
Լուսինեն նախնական կրթությունը ստացել է Ախալցխայի թիվ 4 ռուսական տարրական դպրոցում։ 1952 թվականին երաժշտական կրթություն ստանալու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Հանրակրթական ուսումը շարունակել է Շևչենկոյի անվան ռուսական դպրոցում։
1953-1957 թ.թ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա 1957 թ. ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի մեներգային բաժինը։ 1959-1992 թթ. որպես մենակատար երգել է Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում։ 1965 թվականից եղել է Հայֆիլհարմոնիայի մեներգչուհի։ 1970-1983 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստաընկերության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ Կատարել է արևմտաեվրոպացի, ռուս և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ժողովրդական և հոգևոր երաժշտություն։
Դեռևս խորհրդային տարիներին, երբ արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, ինչպես նաև հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել հայկական հոգևոր երաժշտությունը բարձրացնել բեմ։ Բազմիցս համերգներով եղել է արտերկրում, որտեղ ըստ արժանվույն ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, շարականները։
1960-1970-ական թվականներին որպես մենակատար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հետ, ելույթներ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Փարիզում, Մարսելում:
Որպես մենակատար ելույթներ է ունեցել նաև Հայաստանի կամերային նվագախմբի հետ:
Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ուրուգվայ, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Ավստրիա, Իռլանդիա, Լեհաստան, Հոլանդիա, Խորհրդային միության և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ: Երգել է շուրջ 15 լեզուներով, այդ թվում՝ հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, ֆրանսերեն, վրացերեն, լատիներեն, իտալերեն, իսպաներեն, հունգարերեն, չեխերեն և այլն։
Լուսինեի համար է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը գրել իր «Վոկալիզը»։
Լուսինե Զաքարյանը վախճանվել է 1992 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում՝ երկարատև հիվանդությունից հետո։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի համաձայնությամբ համաժողովրդական սիրո արժանացած երգչուհու մարմինը 1993 թվականի հունվարի 4-ին հողին է հանձնվել Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը:
«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ, սուրբը», բոլոր հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար». Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա:
Լուսանկարը՝ Հանրային հեռուստաընկերության