Կրոնական և այլ ծիսակատարությունների համար օգտագործվող միսը պետք է սպանդանոցային ծագում ունենա․ նախագիծ

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել «Անասնաբուժության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ առաջարկվում է անձնական կամ կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների համար օգտագործվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի համար պարտադիր դարձնել սպանդանոցային ծագումը, ինչպես նաև կանոնակարգել ոչ սպանդանոցային ծագման մթերքի հայտնաբերման դեպքում այն ոչնչացնելու գործընթացը:

«Մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչությանը անվտանգ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքով և մթերքով ապահովելու, ինչպես նաև օրենսդրության պահանջների խախտումներով ոչ սպանդանոցային ծագման մթերքի իրացման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, այդ թվում՝ ոչ սպանդանոցային ծագման մթերք հայտնաբերելու դեպքում այն ոչնչացնելու գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ»,-նշվում է հիմնավորման մեջ։

Նախագծի ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի հայտնաբերման դեպքում ոչնչացնել այն, հետագա շուկայահանումը  բացառելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել