Պարտադիր զինվորական ծառայություն անցած իգական սեռի ներկայացուցիչները 1,5 մլն դրամ պատվովճար կստանան

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պաշտպանության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

Նշվում է, որ իգական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունը կտևի 6 ամիս։

«․․․Ինչպես նաև կսահմանվի մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը իգական սեռի քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու հնարավորությունը, այդ քաղաքացիներին ծառայության վայր նշանակել առանց վիճակահանության՝ նախանշված ուսումնական զորամասեր։

Կսահմանվի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրանց կողմից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար Կառավարության որոշման համաձայն պատվովճարի նշանակումը, որը նախատեսվում է սահմանել 1,5 մլն դրամ չափով»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել