Տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը փոխկապակցված է կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի հետ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կառավարության նիստում՝ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» հարցի առնչությամբ:
ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը հնարավորություն է զարկ տալու մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացմանը, քոլեջների և ուսումնարանների գործունեությանը, մարդկային կապիտալի զարգացմանն ու հմտությունների բարելավմանը:
«Կրթության ոլորտի քաղաքականությամբ մենք ստեղծել ենք մասնավորի հետ համագործակցության նոր ձևաչափերի գործիքակազմ և պատրաստ ենք փոխել քոլեջների և ուսումնարանների կառավարման մոդելը՝ ընդհուպ մինչև հավատարմագրային կառավարում: Սա հնարավորություն կտա, որպեսզի տվյալ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները կարողանան պետության հետ համատեղ կառավարել կրթական գործընթացը՝ պատրաստելով արտադրությունում անհրաժեշտ կադրեր»,- ասել է նախարարը:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ առաջիկայում Կառավարություն կներկայացվի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը, որը մինչ այս կիրառվել է փորձնական ծրագրերով, դարձնել ինստիտուցիոնալ: Առաջարկվող նոր մոտեցմամբ կապահովվի լրացուցիչ հնարավորություն՝ կրթական գործընթացը կազմակերպելու արտադրությունում, որտեղ մարդիկ աշխատելու ընթացքում նաև կսովորեն: Նախարարի գնահատմամբ՝ դա կհամարվի որակավորում ստանալու և մասնագետ դառնալու ճանապարհներից մեկը: