Հայաստանը հույս ունի, որ ռուսական կողմը միջոցներ կկիրառի Լաչինի միջանցքը վերաբացելու համար. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել Լաչինի միջանցքի վերաբացման հարցում, այլ բանակցությունների միջոցով է փորձում հարցը կարգավորել: Ըստ էության՝ Հայաստանը հիմա ՌԴ կողմի նկատմամբ պահանջ ունի: Ադրբեջանի նկատմամբ ևս ունի, բայց Ադրբեջանն, ինչպես միշտ, արհամարհում է ու չի արձագանքում, բայց Հայաստանը հույս ունի, որ ռուսական կողմը կարձագանքի և ինչ-որ կերպ միջոցներ կկիրառի, որ կարողանա այդ միջանցքն ապահովել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ նախագահը հայտարարել է հունվարի 16-ին, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

«Խաղաղապահները 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում հենց այդ ժամանակից սկսեցին իրենց աշխատանքը: Նրանք պետք է ապահովեին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ուղիղ կապը: 90 կմ է այդ կապը, և այդտեղ երկու պատասխանատու կա՝ ռուսական խաղաղապահները, որոնք պետք է անվտանգություն ապահովեն, և Ադրբեջանը, որը պետք է խոչընդոտներ չստեղծի: Տվյալ դեպքում Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում՝ արհեստական խոչընդոտ է ստեղծել, և դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը փակ է Լաչինի միջանցքը»,-շեշտել է Խաչատուրյանը:

Նա հիշեցրել է, որ միջանցքով ամեն օր 300-ից 400 մեքենա է անցել՝ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության համար ապահովելով կենսականորեն անհրաժեշտ ամեն ինչ, իսկ շրջափակումից հետո ընդամենը 400 մեքենա է այդ միջանցքով անցել՝ հումանիտար նպատակով:

«Այսօր այնտեղ կարևոր սննդամթերքը կտրոններով է տրվում. ուղղակի խանութներում վաճառելու բան չկա: Պետությունն իր ռեզերվներից է տալիս: Շատ դպրոցներ, մանկապարտեզներ պարզապես փակ են, քսան օր առաջ հոսանքն անջատվեց. հոսանքի մատակարարումը Հայաստանից է իրականացվում: Այդտեղ վթար է եղել, չեն թողնում, որ վերականգնվի»,- իրավիճակը ներկայացրել է նա:

Նախագահի խոսքով՝ մինչ միջանցքի փակումը ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները հստակ կատարել են. մի քանի դեպք է եղել երկու տարվա ընթացքում, որոնք արագ լուծվել են: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի ադրբեջանցիները գազն են անջատել, բայց խաղաղապահների միջնորդությամբ արագ վերականգնվել է մատակարարումը:

«Մինչ դեկտեմբերի 12-ը միջանցքը հստակ աշխատում էր, իսկ հիմա, ես հասկանում եմ, որ ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել, նրանք բանակցությունների միջոցով են փորձում հարցը կարգավորել: Ըստ էության՝ մենք հիմա նրանց նկատմամբ պահանջ ունենք: Ադրբեջանի նկատմամբ ևս ունենք, բայց Ադրբեջանն, ինչպես միշտ, արհամարհում է ու չի արձագանքում, բայց մենք հույս ունենք, որ ռուսական կողմը կարձագանքի և ինչ-որ կերպ միջոցներ կկիրառի, որ կարողանա այդ միջանցքն ապահովել»,- նշել է նա ու տեղեկացրել, որ երկու օր անց Եվրախորհրդարանում քննարկում կլինի միջանցքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ Բացի այդ, հունվարի 9-ին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը: Արցախում հունվարի 12-ից ընդհատվել էր նաև ինտերնետ կապի մատակարարումը. մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։ Եվ միայն հունվարի 13-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարի վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել՝ մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում ինտերնետ կապը վերականգնվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել