Պայքարու՞մ եք փողերի լվացման դեմ, բայց կառուցում եք անգրագետ համակարգ․ ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի նախագահը՝ Արդարադատության նախարարությանը

«Հենարան» բարեգործական հիմնադրամ ՀԿ-ի հիմնադիր Հռիփսիմե Մարտիրոսյանն անդրադարձել է իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման համակարգին։

Նա՝ դիմելով Արդարադատության նախարարությանը նշել է․

«Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի վերջերս հայտարարած նորամուծության մասին, այն է՝ բոլոր իրավաբանական անձինք (բացառությամբ ԱՁ-ների) պետք է լրացնեն հայտարարագիր այդ իրավ․անձանց իրական շահառուների մասին։ Լավ բան են մտածել փողերի լվացման տեսանկյունից, երբ նախկինում սովորական էր, որ մի ՍՊԸ-ի հետքը գնում կորում էր ու պարզ չէր, թե ով է իրական սեփականատերը, այսինքն բոլորի զոքանչներին ջրի երես հանելու փորձ է, քանի որ Հայաստանում ընդունված է սեփականությունը զոքանչի անունով գրանցել։

Երեկ ներկայացրել եմ ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի հայտարարագիրն ու այսօր իմ ID քարտով ու PIN-ով մտնում եմ իմ հաշիվ ու տեսնում այլ իրավ․անձանց հայտարարագրեր՝ իրենց անձնական տվյալներով։ Ի դեպ, այդ հայտարարագրերը ես կարող եմ խմբագրել, ջնջել ու հետ կանչել։ Նաև տեսնել Գևորգյան Արտակի անձնական տվյալները՝ ծննդյան օր, հասցե, անձը հաստատող փաստաթուղթ, երբ է տրամադրվել, ում կողմից և այլն։ Ինչպե՞ս են Գևորգյան Արտակն ու Հովհաննիսյան Լիլիթը հայտնվել իմ անձնական հաշվում։ Իմ անձնական տվյալները ու՞ր կարող են արտահոսել այս նույն տրամաբանությամբ։

Էս ի՞նչ շիլա փլավ եք սարքել, էրեխեք։ Դուք պայքարու՞մ եք փողերի լվացման դեմ, բայց ինքներդ World Bank Armenia-ի փողերն եք լվանում` կառուցելով այսպիսի անգրագետ, թերի, անապահով, անձնական տվյալների արտահոսքով համակարգ։ Ի՞նչ իրավունքով եք աշխատավարձ ստանում իմ վճարած հարկերից նման հանցագործություն կատարելով»։

Հռիփսիմե Մարտիրոսյանի գրառմանն արձագանքել են Արդարադատության նախարարությունից․ «Հարգելի´ քաղաքացի, շնորհակալություն համագործակցության համար: Տվյալ հարցը Ձեր կողմից բարձրաձայնվելուց հետո կարճ ժամանակ անց ստացավ լուծում: Եվս մեկ անգամ շնորհակալություն դիտարկումների համար, դրանք մեզ համար շատ կարևոր են»:

Հռիփսիմե Մարտիրոսյանը նշել է, որ իր հրապարակումից երկու ժամ անց խնդիրը լուծվել է։

«Ինձ հետ կապ հաստատեցին պետ.ռեգիստրից ու անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից` պետերի մակարդակով։ Փաստորեն անպայման հանրային հնչեղություն պիտի ստանա մի խնդիր, որ առօրյա աշխատանքային լուծում ստանա` 2 ժամում, երբ դա կարելի էր անել մինչև հարթակի հանրային գործարկումը, թեստային ստուգումների միջոցով։ Պետական համակարգում ինչ հիմքով են ընդունում աշխատանքի` թերի կրթությա՞մբ, առանց աշխատանքային փորձի՞, փակ քթածակո՞վ, չգործող ֆայմո՞վ։ Այս տեմպերով ու որակով մենք մեր հայրենիքը երկար չենք կարող պահել։ Հայրենիքը, նրա պաշտպանությունն ու ապահովությունը պահում են առօրյա որակյալ աշխատանքով»,-գրել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել