Ի՞նչ է օրենքը և ի՞նչպիսի հարաբերություններ է այն կարգավորում

Օրենքը կարգավորում է առավել կարևոր, բնորոշ և կայուն հասարակական հարաբերություններն ու ընդունվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան` հանրաքվեի միջոցով կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից:

Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին:

Օրենքով կարող է կարգավորվել ցանկացած հարաբերություն:

Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում`

1) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.

3) իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում` ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները և կարգը.

4) իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը և պայմանները.

5) ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպես նաև իրավաբանական անձանց` առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը.

6) քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները, քրեական պատիժների իրականացման կարգը, դատական և վարչական ակտերի հարկադիր կատարման կարգը, փաստաբանների կարգավիճակը և լիազորությունները.

7) հանրաքվեների, Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը.

8) պետական բյուջեի ձևավորման և դրա ծախսման կարգը.

9) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը և պայմանները.

10) կուսակցությունների և այլ հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների իրավական կարգավիճակը.

11) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները և դրանց սահմանները:

Օրենքները կարող են ընդունվել օրենսգրքերի տեսքով: Օրենսգիրքն իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը համակարգված և կանոնակարգված ձևով շարադրված օրենքն է:

Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել