«Համախմբում» շարժումը դիմել է Վլադիմիր Պուտինին

«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին․

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․ Պուտինին Հարգարժան պարոն Նախագահ,

Շինծու բնապահպանական նկատառումներով պաշտոնական Բաքուն արդեն 5 օր է, ինչ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Արցախի 120 հազար բնակչին աշխարհի հետ կապող կյանքի միակ զարկերակը, որը, համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին» եռակողմ հայտարարության 6-րդ կետի, գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի լիարժեք վերահսկողության ներքո։ Եթե իրավիճակն արագ չկարգավորվի, Արցախի ժողովուրդը կհայտնվի հումանիտար աղետի սպառնալիքի տակ։

Ադրբեջանի իշխանությունների գործողությունները էթնիկ զտման հերթական դրսևորումներ են, մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ուստի այդ գործողությունների կանխումն ու թույլ չտալը ոչ միայն Ռուսաստանի խնդիրն է՝ որպես նոյեմբերի 9-ի հայտարարությունն ստորագրած հակամարտող կողմերի պարտավորությունների կատարման երաշխավորի, այլև նրա՝ որպես հեղինակավոր տերության կոչումն է, տերության, որ հանդիսանում է այնպիսի աշխարհակարգի ջատագով, որը հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների և բոլոր ժողովուրդների իրավահավասարության հարգման վրա։

Մենք մեր պետությունների միջև ռազմավարական հարաբերությունների պահպանման և զարգացման կողմնակիցն ենք։ Մենք համոզված ենք, որ ադրբեջանական կողմի այս սադրանքը ուղղված է նաև ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի դեմ՝ նպատակ ունենալով հեղինակազրկել Ռուսաստանը։ Բայց միևնույն ժամանակ ելնում ենք այն համոզմունքից, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ստորագրած յուրաքանչյուր կողմ պետք է անվերապահորեն կատարի իր ստանձնած պարտավորությունները, իսկ որևէ մեկի կողմից այդ պարտավորությունները խախտելու, չկատարելու դեպքում Ռուսաստանը պետք է կոշտ վերաբերմունք ցուցաբերի և գործադրի իր ողջ կարողություններն ու հեղինակությունը՝ պարտադրելու կողմերին կատարել ստանձնած պարտավորությունները։ Հակառակ դեպքում, Ադրբեջանի հանդեպ առկա այս թողտվությունը և հայկական շահերի դիրքերից միակողմանի զիջումները կհանգեցնեն տարածաշրջանի փխրուն խաղաղության խախտմանը, նոր ռազմական գործողությունների, հնարավոր է նաև Արցախի բնակչության սպանդին։

Հետևապես, նկատի ունենալով, որ Լաչինի միջանցքը հենց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո է գտնվում, և որ հենց այդ ուժերն են հանդիսանում միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու երաշխավորը, մենք՝ «Համախմբում» շարժման անդամներս կոչ ենք անում Ձեզ․

  • Ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել դրա անխոչընդոտ գործառնումը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի,
  • Օպերատիվ կերպով մաքրել ադրբեջանական բոլոր ապօրինի ռազմական հենակետերը Լաչինի միջանցքից, իսկ հետագայում բացառել ահաբեկիչների և սադրիչների մուտքը միջանցքի տարածք,
  • Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված պարտավորություններն Ադրբեջանի կողմից չկատարվելու դեպքում, նախաձեռնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որի մշտական անդամն է ՌԴ-ը, խաղաղապահ առաքելությունը շարունակելու համար միջազգային լիարժեք ու անժամկետ մանդատ ստանալու, ինչպես նաև Արցախի ժողովրդին հումանիտար աղետից փրկելու նպատակով,
  • ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակից բխող հնարավորությամբ նախաձեռնել Արցախի Հանրապետությունը ճանաչելու գործընթաց՝ որպես էթնիկ զտումից ու իր պատմական հայրենիքից բռնի տեղահանումից Արցախի ժողովրդին փրկելու անհրաժեշտ միջոց»,-նշվում է հայտարարության մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել