Նիկոլ Փաշինյանը` Արցախից ՌԴ խաղաղապահների դուրս բերման մասին

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների մանդատի ժամկետի երկարաձգման հարցում Սոչիում փոխըմբռնում չի եղել, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց, իմ կարծիքով, խաղաղապահների թեման կարևոր է», – ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի՝ նոյեմբերի 8-ի ելույթը Սոչիի հայտարարության խախտում է:

«Եթե ընդամենն ութ օր առաջ Ադրբեջանի նախագահը ստորագրել է թուղթ, որտեղ ասում է, որ խաղաղապահների գործունեությունը պահանջված է կայունության ապահովման համար ու 8 օր հետո խոսել մի լեզվով, որը հակասում է այդ տրամաբանությանը…», – ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ տեսականորեն 2025 թվականից հետո կարող է պահանջված չլինել խաղաղապահների ներկայությունը, եթե ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման հետ կապված բոլոր երաշխիքները ստեղծված լինեն:

«Ես ուզում եմ ասել, որ ՌԴ խաղաղապահները, առանց նման երաշխիքների հստակ ձևակերպման, չեն կարող դուրս գալ, ուղղակի չեն կարող: ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ շփման գծի երկայնքով ու Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ՌԴ դաշնային խորհրդի ընդունած որոշման հիման վրա ու այդ որոշումը, եթե կարդանք, կտեսնենք՝ գրված է, որ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունները կանխելու ու թույլ չտալու համար», – ընդգծեց վարչապետը:

Փաշինյանն ասաց, թե եթե Ռուսաստանն ուզենա դուրս գալ ԼՂ-ից, ապա պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:

«Եթե Ռուսաստանը ցանկություն կամ կարողություն չունի դա ապահովելու, պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ, ասի՝ «տեսեք, ես ֆիքսել եմ սպառնալիքը, բայց չեմ կարողանում կամ չեմ ուզում հասցեագրել, հետևաբար դիմում եմ, որ այս հարցը լուծեք, ես գնում եմ, թող ուրիշ մարդիկ գան»», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել