Կհստակեցվի սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր առկա դպրոցների ցանկը

Կառավարության որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 797-Ն որոշման մեջ: Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության ծրագրի շարունակությունն ապահովմամբ, ինչպես նաև ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով։

Նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված՝ սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր առկա դպրոցների ցանկը՝ հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի և այլ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ արդեն իսկ կառուցված, վերակառուցված կամ հիմնանորոգված դպրոցները։ Միաժամանակ հստակեցնել ծրագրում ընդգրկվող դպրոցները, համայնքները և բնակավայրերը՝ հաշվի առնելով համայնքների միավորման գործընթացը։ Այդ կապակցությամբ նախագծի առանձին հավելվածով ներկայացվել են այն դպրոցները, որոնք արդեն իսկ կառուցվել, վերակառուցվել, հիմնանորոգվել են կամ գտնվում են շինարարական աշխատանքների ընթացքում՝ ՀՀ պետական բյուջեի, Ասիական զարգացման բանկի և Համաշախարհային բանկի միջոցների հաշվին։ Փոփոխությունը պայմանավորված է ԱԶԲ-ի կողմից ներկայացված առաջարկով։

Արդյունքում Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը 368 է։ Ընդ որում, դպրոցների հստակեցման արդյունքում գործող որոշմամբ ներակայացված են դպրոցներ, որոնք այժմ չենք գործում։ Այդ իսկ պատճառով 437 դպրոցի և տարբեր ֆինանսավորման աղբյուրների հաշվին իրականացված և իրականացվող կառուցվող կամ հիմնանորոգվող դպրոցների թվի տարբերությունը չի համապատասխանում։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ 2015 -2022 թվականներին իրականացվել են շուրջ 63 դպրոցների կառուցման, վերակառուցման ու հիմնանորոգման աշխատանքներ, ընդ որում որոշները դեռևս ընթացքի մեջ են, ուստի հետագա 8 տարում շուրջ 305 դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման կանխատեսումը գնահատվում է ոչ իրատեսական։

Այդ կապակցությամբ առաջարկվում է ծրագրի իրագործման ժամկետն ավելացնել 5 տարով՝ մինչև 2035 թվական։ Նշված առաջարկության համար հիմք են հանդիսանում նաև ֆինանսական գնահատականները։ Մասնավորապես․ վերոհիշյալ 63 դպրոցների շինարարության աշխատանքների արժեքը կազմել է 71,765 մլրդ դրամ կամ շուրջ 159,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ծրագրում ընդգրկվող 368 դպրոցների կառուցման կամ վերակառուցման արժեքը՝ ըստ խոշորացած հաշվարկների և հիմք ընդունելով ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող Ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցների նախահաշվային արժեքները՝ շուրջ 1,678 մլրդ ԱՄՆ դոլար։

Այսինքն, 2022-30 թվականները անհրաժեշտ կլինի 1,519 մլրդ ԱՄՆ դոլար։ Այդ կապակցությամբ առաջարկվում է ծրագրի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2035 թվական։ Հաշվի է առնվել նաև մինչև 2026 թվականը ԱԶԲ–ի աջակցությամբ իրականացվող ևս 15 դպրոցների /46-ի շրջանակներում/ շինարարության արժեքները՝ շուրջ 63,7 մլն ԱՄՆ դոլար/։

Թեմայի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մինչև 2026 թվականը դպրոցների և մանկապարտեզների կառուցման և վերակառուցման պլանը և հավելել է, որ այս ցանկում ներառված են նաև սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով նախատեսված դպրոցները. «2023 թվականի հունվարի 1-ին մենք նախատեսում ենք շահագործման հանձնած լինել 24 դպորց, 53 մանկապարտեզ, 2024 թվականի հունվարի 1-ին՝ 64 դպրոց, 141 մանկապարտեզ, 2025 թվականի հունվարի 1-ին՝ 57 դպրոց, 144 մանկապարտեզ, 2026 թվականի հունվարի 1-ին՝ 111 դպրոց, 87 մանկապարտեզ, 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 78 դպրոց, 92 մանկապարտեզ: Ընդհանուր՝ 337 դպրոց, 521 մանկապարտեզ»:

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է՝ շատ կաևոր է, որպեսզի կառուցվող դպրոցները դառնան նաև համայնքի, բնակավայրի կյանքի աշխուժացմանը, համայնքային կյանքի կազմակերպման նոր ձևերի փնտրտուքի առիթ:

Անդրադարձ է կատարվել նաև հանրակրթության ոլորտի մյուս ծրագրին՝ կամավոր ատեստավորմանը: Թեմայի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է, որ այս ատեստավորման ժամանակ շահառուների ընդհանուր թիվը կազմել է 29441, գրանցվել է 3886-ը՝ շահառուների թվի շուրջ 13 տոկոսը: Նախորդ տարի շահառուների ընդհանուր թիվը կազմել է 15417, գրանցվել է շահառուների թվի շուրջ 9 տոկոսը: Սակայն գրանցումից հետո, գրանցվողների մի մասը չի մասնակցել, որի համաձայն այս տարվա մասնակիցների թիվը կազմել է գրանցվածների 60 տոկոսը: Արդյունքում՝ մասնակիցների թիվը եղել է շուրջ 2300 հոգի: Այս տարի, ընդհանուր առմամբ, ատեստավորվել է մասնակիցների շուրջ 2/3-րդը՝ 66 տոկոսը, 30 տոկոս հավելավճար ստացել է մասնակիցների 23 տոկոսը՝ 525 ուսուցիչ, 40 տոկոս հավելավճար ստացել է մասնակիցների 17 տոկոսը՝ 397 ուսուցիչ և 50 տոկոս հավելավճար ստացել է մասնակիցների 6 տոկոսը՝ 137 ուսուցիչ: Ատեստավորումն անցած են համարվել, սակայն հավելավճար չեն ստանցել այն ուսուցիչները, ովքեր չեն հաղթահարել 70 տոկոսի շեմը, սակայն հաղթահարել են 60 տոկոսի շեմը: 60-ից 70 տոկոսը համարվում է ատեստավորված, սակայն ֆինանսական հետևանք իրենց համար չի լինում: 70 և ավել տոկոս հավաքած ուսուցիչների դրույքաչափն ավտոմատ դառնում է 200 հազար դրամ, որին ավելանում է նաև համապատասխանաբար 30, 40, 50 տոկոսը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, պետք է շարունակել գործընթացը, շարունակել քաջալերել ուսուցիչներին և հաջորդ փուլում նաև տարրական դասարանների դասվարները հնարավարություն կունենան ատեստավորման: «Նաև, կարծում եմ, պետք է նրանք, ովքեր 30 տոկոսով են հավելավճար ստացել և ցանկություն ունեն ավելի լավացնել իրենց արդյունքները, իրենց էլ պետք է հնարավորություն տալ, որպեսզի շարունակեն գործընթացը»,- ասել է վարչապետը:

Թեմայի շրջանակում վարչապետն ընդգծել է, որ ըստ տրված հանձնարարականի, ակնկալում է, որ արդեն հաջորդ տարվա առաջին եռամսյակում ավելի կոնկրետ կխոսվի երաժշտական, արվեստի դպրոցների, սպորտդպրոցների ուսուցիչների, մարզիչների և մանկապարտեզների դաստիարակ-ուսուցիչների ատեստավորման գործընթացի մասին: «Այստեղ պետք է որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որովհետև, ինչպես արդեն ասացի, գիտենք այդ հաստատությունները համայնքային ենթակայության են, նրանց աշխատավարձերը վճարվում են համայնքային բյուջեից, բայց ես պրոբլեմ չեմ տեսնում, եթե կառավարությունն ատեստավորված ուսուցիչներին ուղղակի հավելավճար վճարի: Այդ մեխանիզմները մենք կարող ենք ստեղծել, համենայնդեպս՝ պետք է ինտենսիվ աշխատել, որպեսզի բոլոր այս կրթական հաստատությունների ուսուցիչները նույնպես կամավոր ատեստավորման հնարավորություն ունենան և նաև իրենց աշխատավարձերը բարձրացնելու հնարավորություն ունենան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել