Հարկային ծառայողների վարձատրության համակարգն ունի հետևյալ կառուցվածքը.
1) հիմնական աշխատավարձ` պաշտոնային դրույքաչափ, որը պայմանավորված է հարկային ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և հարկային ծառայողի` հարկային մարմնում ունեցած աշխատանքի ստաժով.
2) լրացուցիչ աշխատավարձ, որը ներառում է`
– աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները,
– հարկային ծառայության դասային և հատուկ կոչումների համար տրվող հավելավճարները,
– ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով, հատուկ առաջադրանքների որակյալ կատարման, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության ամփոփ ցուցանիշներից ելնելով` հարկային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդից տրվող պարգևատրումները:
Հարկային ծառայողների հիմնական աշխատավարձի համակարգը`
1) հարկային ծառայողների պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը.
2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ և յուրաքանչյուր մակարդակում` պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից: