ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում քննարկվում է ԵԱՏՄ շրջանակներում աշխատուժի ազատ տեղաշարժի հոսքերի կառավարումը և ներուժի լիարժեք օգտագործման հիմնախնդիրները տնտեսական երկարաժամկետ զարգացման համատեքստում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը օրակարգի շրջանակում անդրադարձավ իտալական տնտեսական կառուցվածքային մոդելի՝ «մի ծրագիր, մի գյուղ» օրինակին, որտեղ մի գյուղում միայն կոշիկ են կարում, մեկ այլ գյուղում այլ գործունեությամբ են զբաղվում։
Սուքիասյանը շեշտեց, որ Էկոնոմիկայի նախարարության հետ քննարկել են ծրագրեր ենթակառուցվածքների ներդրման դիմաց, շենք-շինության ներդրման դիմաց։ «1990-ականներից ՀՀ-ում հազարավոր գործարաններ են մասնավորեցվել, որոնց մեծ մասը չեն աշխատում, սակայն շատ լավ ենթակառուցվածքներ են, որոնք ունեն մալուխներ, ջրամատակարարում, տրանսֆորմատներ, էլեկտրակայաններ և ունեն տարածքներ, որոնք ինչ-որ աստիճան պետք է վերանորոգվեն։ Ճիշտ կլինի, որ դրանք ի հայտ բերվեն և սկսեն այդ սեփականատերերի հետ աշխատել ու ներդրումային ծրագրեր իրականացնել»,- շեշտեց Սուքիասյանը՝ ավելացնելով, որ փետրվարից սկսած՝ ՀՀ-ն ունի մարդկանց հոսք և անհրաժեշտ է մինչև վերջ տրամաբանական ավարտը հաշվել։
Նա նշեց, որ տվյալներ կան, որ այժմ կա 70 827 բնակարան, որոնց դռները փակ են, և մարդիկ գնացել են, որից հետո ուղիղ 8000 բնակարան է ՀՀ-ում վերանորոգվել և տրվել վարձով։ Սուքիասյանը փորձել է ճշտել, թե մնացած 62 հազարը ինչ վճակում է, պետական մարմինները ինչ են առաջարկել, ՏԻՄ մարմինները արդյոք աշխատում են, որպեսզի դրանք վերանորոգվեն և տրվեն վարձով, որպեսզի գները այդքան բարձր չլինեն։ «Սրա պատճառով մենք բավականին խնդիրների առաջ ենք կանգնում և չենք կարողանում այնքան աշխատուժ բերել, որքան մեր երկրին պետք է տնտեսությունը զարգացնելու համար»,- նշեց պատգամավորը։
Նա նաև առանձնացրեց բանկերի դերը, քանի որ, ըստ Սուքիասյանի, բանկային համակարգը կարող է երաշխավորված եկամուտ ստանալ և շատ հեշտությումբ վարկային ծրագրեր առաջարկել։ Նա նաև շեշտեց, թե ինչ ճշտությամբ են այս 70 հազար բնակարանի թվերը, որովհետև շատերը առանց պայմանագրի ու ինստիտուցիոնալ ճանապարհի են դրանք տալիս վարձով, «որտեղից եք իմացել, որ 8000-ն է միայն վերանորոգված»։ Սուքիասյանը շեշտեց նաև, որ ոչ մի անգամ էկոնոմիկայի նախարարության կողմից չի եղել սոցիալական գովազդ, որ մարդկանց բացատրի, որ եթե այդ բնակարանի վերանորոգման համար գումար տրամադրեք, որքան եկամուտ կստանան տարեկան, ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ չի կատարվել։
«62 հազար բնակարանները, որոնք դեռ վարձով տրված չեն, առնվազն 62 հազար աշխատավարձ է, եթե ոչ 150 հազար՝ հաշվի առնելով, որ կարող է ընտանիք լինել։ Եթե դա ինստիտուցիոնալ բնույթ ունի պայմանագրով, այդ մարդը եկամուտ ունի, ապա սա թիվ մեկ խնդիրն է էկոնոմիկայի նախարության համար, որպեսզի հարթակ ստեղծի, քանի որ եթե 62 հազարը դառնա 58 հազար, ուրեմն 4000 ընտանիք իր եկամուտը ապահովել է։ Սա շատ կարևոր խնդիր»,- նշել է Սուքիասյանը։
Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ IT ոլորտի մասնագետների հոսքին՝ նշելով՝ կա տվյալ, թե այս ոլորտի մասնագետները ինչքանով են ինտեգրվել ՀՀ-ում նախկինում գործող կառույցներին, ոչ թե մասնաճյուղերին, ապա հայկական կառույցներում ինչ նորարարական զարգացումներ կան։ «Էկոնոմիկայի նախարարությունը, հաշվի առնելով դրանց միացման արդյունքը կամ, եթե նոր ծրագրեր իրականացնող խմբեր լինեն, ինչ գումար է առաջարկվել որպես ստարտափ կամ այլ հարթակի համար։ Ոչ մի տեղ ես այդպիսի վերլուծություն և առաջարկ չեմ տեսել, որն ինձ համար անընդունելի է»,- նշել է Սուքիասյանը։
Նա նաև ասաց, որ շատերը գուցե որևէ հարկային պարտականություն չունեն, սակայն «մենք գոհ ենք, քանի որ մեր բնակարանի համար վճարում են և ծախսեր են կատարում մեր երկրում»։ Նա նշեց, որ ոմանք միկրոյով են աշխատավարձ ստանում, ոմանք պարզեցված հարկեր են վճարում, կան նաև մեծ ընկերություններ, որոնք 21 տոկոս են վճարում որպես եկամտահարկ։ Սուքիասյանը նշել է, որ անհրաժեշտ է այս ամենը վերլուծել, ինչպես նաև ստեղծել հարթակ մարդկանց ուղղորդելու համար. «Մարդիկ կան, որոնք ուզում էին գիտությամբ զբաղվել, բայց որևէ հարթակ չկա, որպեսզի կարողանանք նրանց ուղղորդել, աջակցել»։