Այսօր որպես կամավոր մարտական դիրքեր մեկնելու ճանապարհին ավտովթարից մահացել է 44 օրյա պատերազմի մասնակից, Թալինի ՔՊԿ տարածքային խորհրդի անդամ Միհրան Ասատրյանը։ Այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Միհրանը մարմնավորումն էր հայրենասիրության, պետականամետության, աշխատասիրության և պարտաճանաչության։
2019 թ.-ին Միհրանը մի խումբ երիտասարդների հետ լքեց ՀՅԴ կուսակցությունը այն բանից հետո, երբ ժողովներից մեկի ժամանակ Հրանտ Մարգարյանը պարտադրել էր «իշխանություններին պարտիզանական հարվածներ հասցնել» և որոշ ժամանակ անց միացավ ՔՊԿ-ին ու դարձավ Թալինի մեր թիմի սիրելին, քանի որ ամենապարտաճանաչն էր, ամենաաշխատասերը ու ընկերասերը, մեր նախընտրական թիմում ամենաշատ աշխատանքներ կատարած մարդկանցից էր, անընդհատ պրպտում էր, աշխատում նախընտրական ծրագրի վրա, ընտրական շտաբի աշխատանքների համակարգմամբ զբաղվում ու հավատում, որ թիմի հետ պիտի ավելի լավը դարձնեն Թալինը, պիտի շենացնեն, բնակիչների հոգսերը թեթևացնեն։
Դու օրինակն էիր նրա, թե ինչպես են ԱՆՄՆԱՑՈՐԴ նվիրվում պետությանը։ Ննջես խաղաղությամբ, եղբայր»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: